tert.am. Նիկոլ Փաշինյանի իշխանության հերթական թիրախում ավելի քան մեկ տարի հայտնվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը: Պատերազմի ամենաթեժ օրերին, երբ Արցախում հայրենիքի լինել-չլինելու հարցն էր որոշվում, Տարոն Չախոյան անունով ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ տարածեց, որտեղ երևում էր, թե իբր «Արա Սաղաթելյան»-ի էլեկտրոնային հասցեից ուղարկվել են իշխանության ներկայացուցիչներին վարկաբեկող բովանդակությամբ գրառումներ` այդ արարքը կապելով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:
Հրապարակումից վայրկյաններ հետո պետական օղակները լծվեցին կեղծ լուրը տարածելու գործին, ընդ որում՝ բոլոր հարթակներով, մինչդեռ կարճ ժամանակ անց, կիբերանվտանգության մասնագետ Ալեքսեյ Չալաբյանը բացահայտեց, որ «Գուգլ» օպերացիոն համակարգի դիտարկչի տվյալները փոխելու միջոցով են պատկերել Արա Սաղաթելյանի անունը, բացի այդ՝ դիմել են նաև մոնտաժի «կախարդանքին». մեկ պլանով կադրից կադր անցումներում ակնհայտ երևում է, որ նկարահանման անկյունը նույնը չէ. «Ենթադրում եմ, որ ստեղծվել է իրական փոստային արկղ, ուղարկվել են իրական նամակներ, բայց փոխվել են այդ նամակների ուղարկման ամսաթվերն ու ուղարկողի անունը: Այնտեղ միանշանակ ես հարյուր տոկոսով տեսնում եմ տեխնիկական մանիպուլյացիաներ»:
Մինչ դավադիր տեսություններ էին շրջանառվում Սաղաթելյանի մասին, 44-օրյա պատերազմի ընթացքում նա Արցախում զբաղված էր հակաադրբեջանական քարոզչությամբ` ապահովելով միջազգային լրատվամիջոցների լուսաբանումը այնպես, ինչպես Ապրիլյան քառօրյայի ժամանակ, ինչի շնորհիվ 2016-ին միջազգային տեղեկատվական պատերազմում Հայաստանի ձայնը լսելի դարձավ: Արա Սաղաթելյանի անունն արատավորելու և սուտ մատնության համար փաստաբանները նոյեմբերին հաղորդում ներկայացրին Դատախազություն, բայց 3 ամիս է անցել, այդ մասով նրան չեն հրավիրել հարցաքննության:
Ֆեյք նամակագրությունը նպատակին չհասցնելուց հետո իշխանություններն անցան մեկ այլ ծրագրի` զարկ տալով սցենարական հմտություններին` կալանավորեցին Արա Սաղաթելյանին: Քրեական օրենսգրքի միանգամից երեք՝ 226, 226.2, 307.4 հոդվածներով նրան մեղադրանք առաջադրեցին, թե իբր ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անունով օգտահաշիվ է բացել, ազգային, կրոնական, ռասայական թշնամանք հարուցել ու բռնություն քարոզել: Ուշագրավ է, որ 307.4 հոդվածով կասկածը, որն է` ռազմական դրության ժամանակ տեղեկատվության ազատության սահմանափակումը խախտելը, դատարանը չի բավարարել, քանի որ ազարտի մեջ ընկած քննչական մարմինները, հավանաբար, չեն նկատել, որ դեկտեմբերի 2-ից այն ուժը կորցրած է համարվել Կառավարության որոշմամբ:
Կարդացեք նաև
Արա Սաղաթելյանին կապել են հայտնի ֆեյքի հետ միայն ProtonVPN ցանցից օգտվելու պատճառով, իսկ դա աշխարհում միլիոնավոր մարդիկ են կիրառում` համացանցում սեփական անվտանգությունն ու անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով: Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ` ProtonVPN ամենապոպուլյարներից ու ամենապահանջվածներից է. «VPN օգտագործում են ինտերնետային շրջափակումը շրջանցելու համար: Ադրբեջանցիները փակում են իրենց կայքերը հայկական IP-ների համար: Երբ միացնում եք VPN, արգելափակողը չի տեսնում, թե որտեղից»:
Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանի խոսքով՝ իր վստահորդը քաղաքական հետապնդման զոհ է, քանի որ նրա կալանավորման համար ոչ միայն փաստական հիմք չկա, այլ նաև՝ տրամաբանություն: «Գագիկ Սողոմոնյան» օգտահաշվին վերագրվող IP հասցեն պետությունը վերահսկողության տակ է պահել միայն հինգ օր` նախորդ տարվա հոկտեմբերի 10-15-ը, իսկ Արա Սաղաթելյանի IP հասցեն ստուգվել է 2021-ի փետրվարի 16-19 ընկած ժամանակահատվածում:
Կամայական համընկնումը, տեղեկատվական անվտանգության մասնագետի պնդմամբ, ոչինչ չի նշանակում, այլ բան է, եթե ապացուցվում է, որ, օրինակ, հանցագործություն կատարողն ու կասկածյալը նույն պահին օգտվել են նույն VPN ծառայության նույն IP հասցեից. «Դա նույնն է, ինչ եթե ինչ-որ հանցագործություն ինչ-որ տեղ լինի, Դուք էլ երեկ չէ առաջին օրն այդտեղ եղած լինեք ու Ձեզ էլ բռնեն, որովհետև Դուք էլ եք այդտեղ եղել: Ձեռքի հետ կարող է` կասկածելի անձնավորություն եք»:
Հայաստանում Արա Սաղաթելյանից բացի, այդ VPN-ից տարբեր ժամանակահատվածներում օգտվել է ևս 34 քաղաքացի, թե ինչ սկզբունքով են ֆիլտրել բոլորին ու չակերտավոր հանցավոր համարել հենց Արա Սաղաթելյանին` կիմանան տվյալ դատավորն ու իշխանությունները, որոնց մասին հաճախ քննադատական խոսքեր է նա հնչեցրել: Փաստաբանի խոսքով՝ սա Սաղաթելյանին լռեցնելու փորձ է:
Իրական կյանքում, թե սոցցանցերում հայ հասարակությունը ծաղրում է սեփական երկրի ԱԱԾ-ին, քանի որ պետության առջև ծառացած լուրջ խնդիրները մի կողմ դրած`ընկել է մի ֆեյքի հետևից, որի հետ փաստացի որևէ առնչություն չունեցող քաղաքացիների դեմ հետապնդում է իրականացնում, և սա այն պարագայում, որ Արա Սաղաթելյանի և այդ գործի շրջանակում մեկ այլ անձի կալանավորումից հետո այդ կեղծ էջը ոչ մի վայրկյան չի դադարել իր ակտիվությունն ու մինչև հիմա մեծ ոգևորությամբ ծաղրում է այն կառույցին, որի շենքի պատին հայտնվեց իր օգտահաշվի լուսանկարը:
Արա Սաղաթելյանի դեմ արշավը սկսվել է դեռևս 2020 թվականի հունվարի 12-ից, քանի որ հենց այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվեց զրպարտող հոդված, որտեղ հեղինակը փորձել էր Սաղաթելյանին, Միքայել Մինասյանին, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին և այլ անձանց մեղադրել Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու մշակված ծրագրի համար: Իշխանության և վարչապետի անձնական լրատվամիջոցի մտասևեռվածությունը Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարի հանդեպ պայմանավորված է հանգամանքով, որ Արա Սաղաթելյանը Մինասյանի մտերիմ ընկերն ու թիմակիցն է: Զրպարտող հոդվածի հերքման և ոչ նյութական վնասի հատուցման համար Վանեցյանը դատական հայց է ներկայացրել օրաթերթի դեմ:
«Մտացածին մեղադրանքներով քաղաքական հետապնդումների» ներկայացման մեկ այլ սցենարով Արա Սաղաթելյանը ձերբակալվել էր նաև 2020-ի նոյեմբերին կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունեցած անհնազանդության ակցիաներից մեկի ընթացքում: Հակոբ Ենոքյանի դիտարկմամբ՝ իրավապահ մարմիների այս բոլոր քայլերն ուղղորդված են իշխանության ձեռքով:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=JdGDFcSehcI&feature=emb_logo