Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պայքարը լավ եւ վատ ղեկավարի պայքար չէ, «մեր երկիրը նվաճել են թշնամիները». Վազգեն Մանուկյան

Մարտ 01,2021 22:00

«Այսօր բեկումնալի օր է»,- Բաղրամյան պողոտայում, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ, իր ելույթում ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը`հավելելով, որ նոյեմբերի 9-ից հետո նա անընդհատ մտածել է`արդյոք կկարողանա՞նք վերականգնվել: Խոսքը`ոգու վերականգնվելու մասին է: Այսօր, այս հանրահավաքով, ըստ Վազգեն Մանուկյանի, հասարակությունը ապացուցեց, որ վերականգնվել է: Նաեւ`բանակն է վերականգնվում: Իսկ օրը բեկումնալի է նաեւ այն իմաստով, որ արդեն ընթացքը գնաց. «Գրեթե ամբողջ ժողովուրդն է այստեղ`նույն ոգեւորությամբ: Այս ժողովուրդն է, որ նորից պետք է վերականգնի Հայաստանը, վերականգնի բանակը, նվաճի Արցախը, իր հզորությունը ցույց տա»: Վազգեն Մանուկյանը նաեւ ասաց, որ չի ընդունում այն մարդկանց, ովքեր նույնիսկ պատերազմը պարտվելուց հետո շարունակում են մնալ մոլորված եւ շարունակում են կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին:

Այս պայքարը Վազգեն Մանուկյանը վատ ղեկավարին լավ ղեկավարով փոխարինելու պայքար չի համարում: Ըստ նրա`մենք ունենք ոչ թե վատ ղեկավար, այլ «մեր երկիրը նվաճել են թշնամիները»:

«Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես ինքս ինձ համար գրառում արեցի: Ինձ համար ամենաոգեւորիչ ուժը Չարենցի «Երկիր Նաիրիի» նախաբանն է, որտեղ գրում է`մեր ժողովրդի աչքերին բոցկլտում է երկիր Նաիրիի գաղափարը, բայց երբեք չի իրականանում: Գրեցի, որ արդեն` վերջ, Նաիրի երկիրն էլ չի իրականանալու, որովհետեւ մի հսկայական ցնցում պետք է լինի, որ հնարավոր լինի երկիրը վերակառուցել: Այդ ցնցումը, ցավոք սրտի եղավ: Եվ մենք հիմա ոչ թե պետք է վերականգնենք նախկինը, մենք ավելի բարձր մակարդակի պիտի հասնենք: Մեր սխալներն էին, մեր վրիպումներն էին, մեր հանցագործություններն էին, որ բերեց նրան, որ թշնամին գրավեց Հայաստանը: Եթե մենք նույն ձեւ շարունակենք, էլի թշնամիները կգրավեն Հայաստանը: Մենք պետք է վերածնվենք նոր մակարդակով, նոր երազանքներով, նոր իրար սիրելով, նոր ձգտումով եւ ոչ միայն գոյատեւելու: Ով չի ձգտում մեծ նպատակի`չի կարողանում նաեւ գոյատեւել»,-ասաց նա`հավելելով, որ միաժամանակ մեծ աշխատանք կա կատարելու:

Անդրադառնալով ԳՇ պետի ազատման դիմումին, որը Նիկոլ Փաշինյանը կրկին ուղարկել է նախագահին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաեւ մեր ամրությունից: Ինչքան մենք ամուր կանգնած լինենք այստեղ, այնքան ամուր կլինի ինքը, ամուր կլինի նաեւ բանակը: Հետո  հարցը անցնելու է ՍԴ: Մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր ազգի, մեր բանակի շահերը: Դա նորից մեզանից է կախված. եթե այդ կառույցների մեջքը դատարկ է, կարող է չդիմանան:  Մենք պետք է ապահովենք թիկունքը: Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, անխուսափելի լինի իր գնալը, որից հետո պետք է քննարկենք`այդ ի՞նչ ձեւով եկան, որ տիրեցին մեզ»:

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ դա մշակված քաղաքականություն է եւ պետք է հասկանալ`ինչպես այդպես եղավ. նախ աննկատ գրավեցին Արցախը, որպեսզի հետո գրավեն Հայաստանը: Առհասարակ, ըստ նրա, մենք պետք է հասկանանք`ինչպիսի՞ ազգ ենք ուզում լինել եւ դրա ծիլն այս հրապարակում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031