Այսօր Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մոտից լոռեցիները մեկնեցին Երեւան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:
Դեբեդի դպրոցի փոխտնօրեն Անիկ Ղռաթյանը վստահեցնում է, որ ինքն ու գործընկերները հանրահավաքին գնում են ինքնակամ, առանց որեւէ մեկի հորդորի. «Ոչ միայն վարչապետի կոչը, այլ ժողովուրդն ինչ շահեր ունի դրա իրականացման խնդիրն է շատ կարեւոր: Ուզում եմ հայրենիքիս սահմանները տեսնել լիարժեք ու տերը լինել նրա: Ոչ թե անորոշության մեջ՝ այսօր չգիտեմ ինչ անել»:
Կարդացեք նաև
Հանրահավաքին մեկնողների մեծ մասը խուսափում էր տեսախցիկից, չցանկանալով նշել, թե ինչի՞ համար են ցանկանում մասնակցել հանրահավաքին:
Իսկ մասնակիցներից Անդրանիկ Ասլանյանն ասում է, թե ինքը հստակ գիտի, թե ինչ է ակնկալում այս հանրահավաքից. «Մենք ուզում ենք զատվենք էդ լկտի տականքներից: 45 տարի տաքսու վարորդ եմ աշխատել՝ Երեւան Կիրովական, նման լկտիություն չեմ տեսել, այս ինչ է կատարվում էս հանրապետությունում»:
Տուրիստական ավտոբուսներով ու սեփական ավտոմեքենաներով լոռեցիները շտապում էին մայրաքաղաք: Տեղափոխման հարցերը մարդիկ իրականացրել են իրենց միջոցներով, վստահեցնում է մարզպետ Արամ Խաչատրյանը. «Քաղաքացիները հավաքել են գումարները եւ տեղափոխումն իրականացնում են: Մենք այդպիսի ռեսուրս չունենք, որ հարցեր լուծենք»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ