Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ես ստում Ստյոպիկ Սաֆարյան». Յուրի Խաչատուրովը` Ստեփան Սաֆարյանի եւ Նիկոլ Փաշինյանի չծառայելու մասին

Մարտ 01,2021 20:52

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը խնդիր է համարում այն, որ այժմ Հայաստանը ղեկավարում են եւ մեզ փորձում են ուղղորդել մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել, ավելին, մշտապես բանակի վրա ցեխ են շպրտել: Այդ մասին այսօր Յուրի Խաչատուրովն ասաց Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում:  Նա մի օրինակ բերեց Նիկոլ Փաշինյանին վերաբերվող, ով բանակում չի ծառայել այն պատճառով, որ իր երկու եղբայրը ծառայել են, օրենքը թույլ է տալիս, որպեսզի երրորդ եղբայրը չծառայի. «Ինչեւէ, Իջեւանի Ենոքավան գյուղից ես եւ ամառային արձակուրդների ժամանակ կարող էր, չէ՞, գոնե երկու օր դիրք բարձրանալ: Նրան այնտեղ ոչ ոք, երբեք չի տեսել: Նա այնտեղ չի եղել»:

Յուրի Խաչատուրովը անդրադարձավ նաեւ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանին`նախ ասելով, որ Վազգեն Մանուկյանին հանեցին ու փոխարենը Ստեփան Սաֆարյանին նշանակեցին Հանրային խորհրդում, ինչը առնվազն զարմանալի է, քանի որ այս անձերի միջեւ համեմատության եզրեր առհասարակ չկան: «Ինչ–որ Ստյոպիկ Սաֆարյան կա, որն ասում է, թե երբ պատերազմ էր, ինքը 14 տարեկան էր: 1992 թվականին ինքը 19 տարեկան էր. ինչո՞ւ ես ստում Ստյոպիկ Սաֆարյան»,- ասաց Յուրի Խաչատուրովը:

Յուրի Խաչատուրովը խոսեց նաեւ ԳՇ հայտարարության մասին: Իր բնութագրմամբ, դա ոչ թե ԳՇ-ի, այլ ողջ բանակի հայտարարություն էր. «Այդ հայտարարություններն արել են բոլոր հրամանատարները: Չի կարող գնդի հրամանատարը միանալ մի հայտարարության, որի հետ համաձայն չէ իր կազմը: Եթե նա միացել է, ապա նշանակում է, որ նա խոսել է գումարտակի հրամանատարի, մյուս ստորաբաժանումների ղեկավարների հետ, իսկ նրանք իրենց հերթին ավելի ներքեւի օղակների հետ: Հենց այնպես, ոչինչ չի լինում: Մեզ հետ է ամբողջ բանակը եւ մենք այս ամենը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հեռացումն իշխանությունից-Ն. Գ.), շատ արագ պետք է ավարտին հասցնենք»:

Յուրի Խաչատուրովն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԳՇ հայտարարությունից հետո Ալիեւն ու Էրդողանն են անհանգստացած, անընդհատ հայտարարություններ են անում. «Ալիեւն ու Էրդողանն անհանգստանում են Հայաստանի ներքաղաքական կյանքով, քանի որ հայկական բանակը իրենց խփել է ու կխփի»:
Նա իր նախկին ծառայակիցներին կոչ արեց` հավատացած լինել, որ ժողովուրդը բանակի հետ է եւ բանակին երբեք միայնակ չեն թողնի:

Յուրի Խաչատուրովին շատ էր դուր եկել ընդդիմության հանրահավաքների նոր կարգախոսը`«Ազգ, բանակ, հաղթանակ»: Նա իր ելույթը սկսեց եւ ավարտեց այդ կարգախոսով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031