Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը, նետում եմ մարտահրավերը՝ դե եկեք գնանք ժողովրդի առջեւ ընտրության, տեսնենք ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը». Փաշինյան

Մարտ 01,2021 20:30

Հանրապետության հրապարակում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Սահմանադրական փոփոխությունների մասին ու ասաց, որ կիսանախագահական համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի. «Այս գործընթացը պիտի իրականացնենք ԱԺ-ի, կառավարության, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում: Մեր Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե, դա կարելի է փոխել ԱԺ-ում քվեարկությամբ: Առաջիկա ամիսներին պետք է նույն ձեւաչափով աշխատենք՝ լավարկելու համար այն հոդվածները, որոնց լավարկելու հնարավորություն կա: Սա մի աշխատանք է, որը պիտի անենք»:

Նա ասաց, որ պետք է Սահմանադրություն ունենանք, որը կբացառի այսպիսի ճգնաժամերը:

Փաշինյանը անդրադարձավ նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին ցրելու խորհրդարանն ու անհապաղ արտահերթ ընտրություն անելու. «Եթե խորհրդարանական ուժերը կընդունեն մեր դեռեւս հունվարին, դեկտեմբերի վերջին ձեւակերպված առաջարկը, մենք ամենեւին ձեւ չենք արել, մենք ասել ենք՝ մեր խոսքի տերն ենք ու այո՛, այդ առաջարկը ԱԺ ուժերի կողմից ընդունվելու պարագայում մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետեւ մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը նույն կերպ իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է ՀՀ-ում հաստատել օրինական իշխանություն»:

Փաշինյանն ասաց, որ հրապարակներում մարդկանց հավաքելով՝ չկարողացավ ընդդիմությունը ցույց տալ, որ ժողովուրդն ուզում է իր հրաժարականը. «Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը, նետում եմ մարտահրավերը՝ դե եկեք գնանք ժողովրդի առջեւ ընտրության, տեսնենք ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը, տեսնենք ի՞նչ է պահանջում ժողովուրդը»:

Ընդ որում, Փաշինյանն ասաց, որ իրենք այն ժամանակ ոչ թե ձեւական են առաջարկել, այլ նույնիսկ կարգախոսն էին մտածել՝ ընտրության գնալու «վերջ թավիշին» կարգախոսով:

Վարչապետը նաեւ նշեց, որ ժողովրդից ներողություն խնդրելուց հետո ուզում է իմանալ՝ ներե՞լ են, թե՞ չէ, դրա համար էլ խորհրդարանական ընդդիմությանը նման առաջարկ է անում՝ գնալու նոր ընտրությունների:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031