Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կհետևի Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնությանը՝ անկախ երկրում ծավալվող իրադարձություններից: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Մենք մեծ հույսեր ունենք, մեծ հույս ենք դնում Հայաստանի ղեկավարության պատասխանատվության վրա, որ ինչ իրադարձություններ էլ որ տեղի ունենան, պետք է լինի ժառանգականություն: Ցանկացած շարժում, ցանկացած քայլ, որոնք կհակասեն այդ համաձայնագրին, կհանգեցնեն մեծ ողբերգության, ինչը թույլ տալ չի կարելի»,- ասել է նա:
Մատվիենկոն հիշեցրել է, որ ստորագրված համաձայնագիրը կայունություն է բերել Հարավային Կովկասում:
«Գործընթացները շարունակվում են, դրանք հեշտ չեն, բարդ են, ամեն օր առաջ են գալիս ինչ-որ դետալներ: Բայց գլխավորն այն է, որ համաձայնությունը ձեռք բերված է և հիմա պետք է հասնել նրան, որ այն շարունակվի իրականանալ՝ ձեռք բերված պայմանավորվածություններին լիարժեք համապատասխանությամբ»,- ընդգծել է նա:
Կարդացեք նաև
Մատվիենկոն հիշեցրել է, որ եռակողմ համաձայնագիրը շատ կարևոր իրադարձություն էր զինված հակամարտության զարգացումը և զոհերը կանխելու տեսանկյունից, և դա «Ռուսաստանի նախագահի անձնական մեծ ձեռքբերումն էր, նրա՝ փոխզիջումների հասնելու և պայմանավորվելու կարողության արդյունքը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ