Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն իրավապահ համակարգին խորհուրդ է տալիս`«քթները չխոթել բանակի գործերի մեջ»

Մարտ 01,2021 20:15

Այսօր, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած հանրահավաքին մասնակցում էին ԳՇ երեք նախկին պետեր`գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը եւ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

«Մարտի 1»-ի հիմնական ոճրագործը, զանգվածային անկարգություններ կազմակերպողը եւ դրա համար դատված անձնավորությունը` Նիկոլ Փաշինյանը, նորից հանրահավաք է կազմակերպում եւ փորձում է մարդկանց մոլորության մեջ գցել, որովհետեւ 2008-ին նաեւ մենք՝ հայկական բանակը, արդեն զգում էինք, որ ժողովրդին դեպի զանգվածային անկարգություններ է տանում: Դրա համար դատվածությունը նույնիսկ իրենց իշխանության օրոք պահպանվում է Նիկոլ Փաշինյանի վրա»,- հանրահավաքի իր ելույթում ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա կարծիքով`ԳՇ-ն ճիշտ է արել`նման հայտարարություն տարածելով. «Վարչապետն իրավունք չունի ոչ պաշտոնից ազատելու, ոչ հետապնդելու: Ճիշտ է, ասում են՝ բանակը պետք է քաղաքական չեզոքություն ցուցաբերի, բայց նրանք քաղաքական չեզոքություն են ցուցաբերում, չեն խառնվում այս հանրահավաքներին, իրենք իրենց տեսակետն են արտահայտում»:

Անդրադառնալով Հանրապետության հրապարակում`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցող հանրահավաքին էլ, Սեյրան Օհանյանն ասաց. «ՏԻՄ-եր, դպրոցներ, գործարարներ, օլիգարխներին հատ առ հատ գրել են, ցուցակ կազմել, բերել Հանրապետության հրապարակ: Եթե դու կարող էիր հատ առ հատ ցուցակ կազմել ու բերել հրապարակ, ինչո՞ւ դու դա չարեցիր այդ 44 օրվա ընթացքում, ինչո՞ւ չկազմակերպեցին ու չտարար, որ մենք այնտեղ հաղթանակ տանենք»:

Նա նաեւ խոսք ուղղեց իրավապահ համակարգին` ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հնարավոր ձերբակալության համատեքստում, խորհուրդ տալով, որ «քիթները չխոթեն բանակի գործերի մեջ, որովհետեւ այնտեղ շատ դժվար փորձությամբ նրանք կարող են անցնել»: «Իհարկե, լավ կլիներ, որ ամեն ինչ հարթ անցներ, բայց երբ բանակը՝մեր երկրի անվտանգության, պաշտպանության, սահմանների անձեռնմխելիության համար է պատասխանատու, այսօր տեսնում է, որ այս իշխանությունը կամաց-կամաց մեր երկիրը հանձնում են թուրքերին, այդ դեպքում այսպիսի որոշում է ընդունել, ես այսօր կառաջարկեի, որ ԳՇ-ն եւ ԳՇ պետը որոշակի բացատրական հայտարարությամբ հանդես գային մեր ժողովրդի համար»,- հավելեց նա`նաեւ ժողովրդին հորդորելով`կանգնել բանակի կողքին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031