Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները, այ դա ամենամեծ դավաճանությունն է… Օնիկ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել». Նիկոլ Փաշինյան

Մարտ 01,2021 20:10

Հանրապետության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը:  Իր ելույթում Փաշինյանն ասաց. «ԳՇ-ի հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից: Սա անխուսափելի է, որովհետեւ այն ԳՇ պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, դա անում է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008-ի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ՝ ՀՀ-ն նման ԳՇ պետ չի՛ կարող ունենալ, ուղղակի չի՛ կարող ունենալ: Այս ամենը ԶՈՒ-ում վենդետաների հիմք չպետք է տա: Օնիկ Գասպարյանը եւ ԶՈՒ-ն կարմիր գծերը չեն հատել ու չեն էլ հատի, բայց անխուսափելիորեն Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա ԳՇ պետի պաշտոնից: Զինված ուժերում վենդետաներ չեն լինելու, որովհետեւ կապ չունի ով է ստորագրել այդ թուղթը, ով չի ստորագրել, որոշումը այդ թուղթը սեղանին դնելու եւ ստորագրությունների պրոցեսը սկսելու կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել հրամանով: Ես ուզում եմ ուղիղ ասեմ, այդտեղ ուղի՛ղ պիտի ասեմ, որ երբ որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները, այ դա ամենամեծ դավաճանությունն է, այ դա՛ է դավաճանությունը»:

Փաշինյանն  ասաց, որ ստորագրելուց հետո Օնիկ Գասպարյանն է որոշել հրապարակել այդ թուղթը ու Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայության. «Որոշ շրջանակներ բանակի զինվորներին ներշնչել են, թե բանակը դարձնում են քավության նոխազ, թե կառավարությունը եւ իշխանությունը ուզում են մեր զինվորականներին դատել, կալանավորել: Սա արվում է, դուք պատկերացնո՞ւմ եք, 40, 50, 500 մարդու համոզել են, որ իրենց դատելու են: Իշխանությունը աջ ու թարս ում բռնի՝ դատելու է:
Եվ սա արել են ընդամենը մի քանի մեղավորների, որոնք ըստ ամենայնի, դեռ պիտի պարզվի, բանակի բազմակի հերոս, խիզախ, ոչինչ չխնայած սպաների թիկունքում թաքցնելու համար: Սա արվել է մի քանի վախկոտների թաքցնելու հերոսների թիկունքում: Մենք գիտենք ովքեր են հերոսները ու գիտենք, թե ովքեր են վախկոտները: Ձեզ չի հաջողվի ժողովրդի հերոսներին ժողովրդի դեմ հանել: Եվ Օնիկ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել, դու քո ղեկավարի հրամանները եւ հրահանգները չես կատարել, դու կատարել ես ժողովրդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտած մեծ մերժվածի հրամանները: Դա սպայի պատվի մեծագույն խաթարում է, մեծագույն նվաստացում է»: Նա հորդորեց իր այդ հայտարարությունները «դե յուրե» չընդունել՝ ասելով, որ դրանք քաղաքական հայտարարություններ են:

Թե ինչ պետք է անեն այն բանից հետո, երբ նորից ՀՀ նախագահի աշխատակազմ են ուղարկել ԳՇ պետին ազատելու հրամանագրի միջնորդությունը՝ Փաշինյանն ասաց, որ հույս ունեն՝ ՀՀ նախագահը կկայացնի այն որոշումը, որը բխում է ՀՀ պետության կայունության ու ժողովրդի շահերից. «ՀՀ նախագահը վատառողջ էր, այսօր այցելել եմ նրան եւ ուզում եմ մեր բոլորիս անունից առողջություն մաղթել եւ շուտափույթ ապաքինում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031