Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն է ԶՈՒ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունը օգտագործելով՝ նրանց փորձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ». Նիկոլ Փաշինյանը անուններ է տալիս

Մարտ 01,2021 20:05

Հանրապետության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Իր ելույթում Փաշինյանը վստահեցրեց, որ ժողովուրդը մեր երկրում շարունակում է մնալ բարձրագույն իշխանություն:

Խոսելով Մարտի 1-ի մասին՝ նա ասաց, որ այն ժամանակվա իշխանությունները բանակը հանեցին ժողովրդի դեմ ու մարդկանց գնդակահարելու որոշում կայացրեցին. «Մարտի 1-ի գործը ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել այդ գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Հանրությանը դա ակնհայտ կերեւա գործի դատաքննության ընթացքում»:

Փաշինյանն ասաց, որ Մարտի 1-ի գործը ձգձգում են՝ նպատակ ունենալով, որ չբացահայտվի ու հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ. «Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում, որովհետեւ ոմանք հույս ունեն, ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն»:

Փաշինյանն ասաց, որ այն ժամանակ գործող իշխանությունը հոգ է տարել, որ սպանությունների ու այլ ապօրինի գործողությունների ապացույցները անհետանան, ոչնչանան, պարկուճները փոխարինել է այլ պարկուճներով, թե ինչու՝ այդ հարցերի պատասխանները կստանան դատաքննության փուլում. «Այդ նույն մարդիկ այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի եւ ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության եւ կառավարության դեմ:

Եվ զինված ուժերի ԳՇ-ի հայտարարությունը այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթեւեթանքների՝ ԳՇ հայտարարությունը, այդ թվում 2008-ին իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք: Այլոց շարքում այդ թվում՝ Սերժ Սարգսյանն է ԶՈՒ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունը օգտագործելով՝ նրանց փորձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ: Բայց ես հիմա ուզում եմ ասել, որ ԶՈՒ ԳՇ-ի այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է, որովհետեւ ՀՀ Սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ ՀՀ ԶՈՒ-ն քաղաքական հարցերում պահպանում են չեզոքությունը, ԳՇ-ն որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում եւ սրանով արդեն խախտել է բոլոր կանոնները, խախտել ՀՀ Սահմանադրությունը»:

Փաշինյանն ասաց, որ 2018-ի հեղափոխության ժամանակ երբ ԶՈՒ-ն փորձել է ակտիվություն ցուցաբերել, ՔՊ-ն հայտարարություն է տարածել՝ հորդորելով վերադառնալ իրենց շարքերը ու տեղակայման վայրերը, չմասնակցել խաղաղ ու անհնազանդության ակցիաներին «Իսկ այսօր ձեզ հայտնի քաղաքական ուժերը փորձում են ԶՈՒ-ին դրդել տանկերը հանել ժողովրդի դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031