Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքեր հոկտեմբերի 27-ին ցանկանում էին գալ իշխանության, նրանք այսօր պետական ապարատում են». Անդրանիկ Թեւանյան

Մարտ 01,2021 20:00

«Արագածոտնի մարզպետը երեկ առանձին հավաքել էր գյուղապետերին. ենթարկվողներին առանձին, չենթարկվողներին առանձին, դպրոցի տնօրեններին առանձին, բայց այնքան են վախեցած, որ այդ տղամարդկությունը չուներ անգամ, որ ասեր`մարզպետ եմ, կիրակի օրով ժողով եմ անում»,- Բաղրամյան պողոտայում, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մեկնարկին հայտարարեց հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը:

«Գաղտագողի, դռները փակ, խեղճ պահակին էին սուտասան սարքել, թե մարզպետարանում է, մարդ չկա: Ի վերջո նկարել էին, որ դուրս էին գալիս շենքից: Շեֆի հրաման էին կատարում, մարդաքանակ էին ուզում ապահովել.,- ասաց Գեղամ Մանուկյանը`հավելելով, որ համացանցում անգամ հումոր էր շրջում. «Ասա որ հրապարակ ես գնում, ասեմ՝ ով ես դու»: Հայ մարդը չի կարող գնալ Նիկոլի հանրահավաքին, այն Նիկոլի, որ ատում է հայոց բանակը»,- ասաց բանախոսը:

Հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը հանրահավաքի ընթացքում հրապարակում է այն համայնքների անունները, որոնք միանում են «Հայրենիքի փրկության շարժմանը». դրանք են Արարատի եւ կոտայքի մարզի մեկ տասնյակից ավել գյուղական եւ քաղաքային համայնքներ, Սպիտակի համայքապետը:

Շարժման նոր կարգախոսն է`«Ազգ, բանակ, հաղթանակ»:

«Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանն էլ իր ելույթում հարցեր հնչեցրեց. «Ո՞վ էր պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը, ի՞նչ կապ կա Նիկոլ Փաշինյանի եւ Նաիրի Հունանյանի միջեւ, ինչո՞ւ տեղի ունեցավ մարտի 1-ի սպանդը, ի՞նչ էր շահելու գլխավոր շահառուն եւ ո՞վ էր այդ գլխավոր շահառուն, ի՞նչ է սպասվում եւ ի՞նչ է պետք է անել»: Բանախոսի գնահատմամբ, քաղաքականության մեջ անբարոյականությունը սկսվեց այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Ղարաբաղը բեռ է, որ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով է հնարավոր զարգացնել Հայաստանը. «Դրա պատասխանը չտրվեց, դա ծնեց հոկտեմբերի 27»: Պետության հիմքերի խարխլումն, ըստ նրա, սկսվեց 1995-1996 թվականների ընտրակեղծիքներով. «1998-ին ազատվեցինք դրանից, բայց 2018-ին դա վերադարձավ, իսկ 2020-ին հանձնեց Արցախի պետականությունը, իսկ թուրքական 5-րդ շարասյունն ակտիվացավ»:

Անդրանիկ Թեւանյանը համոզված է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւում կանգնած է Թուրքիան. «Թուրքերի նպատակը Հայաստանում քաղաքական խժդժություններ ստեղծելն էր: Ուշադրություն, հոկտեմբերի 27-ից հետո ովքեր էին ուզում վերցնել իշխանությունը, նրանք հիմա էլ պետական շենքերում են`Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան, Գագիկ Ջհանգիրյան եւ «Հայկական ժամանակ» թերթոնի խմբագիր Նիկոլ: Թուրքերին չհաջողվեց հետ բերել իր կորցրածը, մեր պետականությունը կանգուն մնաց: Բայց թուրքերը շարունակեցին թուրքական 5-րդ շարասյանը իրենց աջակցությունը: Ես պնդում եմ, որ 2008-ի մարտի 1-ի հետեւում գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց գործիքը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031