Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բժիշկ․ «ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի 3-րդ ալիքն արդեն սկսվել է»

Մարտ 01,2021 19:40

Հայաստանում արդեն սկսվել է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը։

Այս մասին այսօր Երեւանի պետական բժշկական համալսարանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի մասին քննարկման ժամանակ ասաց ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանը։

Նա վստահեցրեց՝ վերջին մի քանի օրվա ընթացքում հիվանդների քանակն ավելացել է, եւ ՊՇՌ  հետազոտություններով, տոկոսային հաշվարկով, վերջին օրերին ավելի բարձր թվեր են արձանագրվում, քան մոտ երկու շաբաթ առաջ էր։

Ինչպես էր կառավարությունն այս մեկ տարում պայքարում կորոնավիրուսի համավարակի դեմ, արդյո՞ք արդյունքները բավարար են։

Այս հարցին ի պատասխան քննարկման մասնակից  պրոֆեսոր, հանրային առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադեւոսյանը նշեց՝ ՀՀ-ում  համավարակի հայտնաբերման սկզբից  մինչ այսօր կիրառվել է  կոնտակտների սահմանափակման մոտեցումը․ «Որի փորձը երկիրը չի ունեցել։ Իրարամերժ  կամ հետո իրար լրացնող որոշումներ էին կայացնում կառավարությունն ու պարետը,  շատ խիստ չեն հետեւել, երբ որոշում էր կայացվում, դա մինչեւ վերջ չէր հասցվում, եւ  այստեղ ժողովրդի կողմից կար խնդիր,  քաղաքական կամքի խնդիր կար, կազմակերպչական խնդիրներ կային։  Համենայնդեպս մենք կարողացանք պիկը պահել մինչեւ սեպտեմբեր ամիս, որից հետո բռնկում սկսվեց հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, երբ առողջապահական համակարգը կոլապսի ենթարկվեց՝ չէին կարողանում հիվանդներին տեղավորել։ Անցանք մի փուլի, երբ թեթեւ հիվանդներին թողնում էին տանը՝ չապահովելով հակահամաճարակային ծառայություններով,  չապահովելով  ինքնամեկուսացման պայմանները։ Այդ ամիսներին ամենամեծ մահվան թիվը գրանցվեց՝ 1100-ից մի քիչ ավելի՝ նոյեմբերին, 800-ից ավելի՝ դեկտեմբերին։ Մենք  տեսանք, թե այստեղ որքան կարեւոր էր կոնտակտների շղթայի կտրելու գործընթացը,  որովհետեւ պարզվեց՝ դա է կարեւորը՝ հեռավորության  պահպանում,  շփումների նվազեցում»։

Արդյո՞ք թեստավորման քանակը բավարար էր իրական պատկեր ստանալու համար։

Այս հարցին ի պատասխան պարոն Թադեւոսյանն ասաց՝ հարուստ երկրները մեկ միլիոն բնակչի հաշվով միլիոնից ավելի թեստավորում են իրականացրել, այսինքն՝ մեկից ավելի անգամ․« ԱՄԷ-ն, օրինակ, իհարկե, սա հարուստ երկիր է,  երեք միլիոն թեստ է արել մեկ միլիոն բնակչին։ Նման պարագայում ավելի հավաստի  է վիճակագրությունը։ Մենք  ունենք 1 միլիոն 250 հազար թեստավորում, դրա պատճառով է, որ  ունենք 6-7 հազար չճշգրտված դիագնոզով, բայց մեծ կասկածով թոքաբորբեր, որոնք քովիդին են նման։ Այս մարդիկ չեն մեկուսացվել, հակահամաճարակային միջոցառումներ չեն կիրառվել նրանց նկատմամբ ու վարակը տարածել են։ Թեթեւ դեպքերը չեն գրանցել, բայց իմ ընտանիքը հիվանդացել է ու հակամարմիններով ենք պարզել, որ քովիդ էր։ Թեստավորումն որքան զանգվածային ենք անում, այնքան հստակ տվյալներ ենք ստանում։ Վերջին մեկ շաբաթում թվերն ավելացել են, դրանք հիմականում օդանավակայանից եկած թեստերն են»։

ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ ասաց, որ 28 հազար  քովիդ թոքաբորբ է արձանագրվել,  դա ամբողջ հիվանդացության 18% -ն է, կա 24 հազար չճշտված ախտորոշմամբ թոքաբորբ․«Փաստենք, որ դեպքերի ճնշող մեծամասնությունը եղել են կորոնավիրուսային թոքաբորբեր, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ախտորոշվել։ Նախկին չորս տարիներին միջինում չճշտված ախտորոշմամբ թոքաբորբերի թիվը եղել է վեց հազար»։

Պարոն Մելիք-Նուբարյանն ասաց, որ այս թվերը պետք է հաշվի առնեն պատասխանատուները՝ քովիդի դեմ ճիշտ պայքարի համար։ Նրա պնդմամբ՝  քովիդի դեմ պայքարի երեք փուլերում եղել են ե՛ւ նվաճումներ, ե՛ւ թերացումներ․«Բայց քանի որ մենք ապրելու ենք քովիդի հետ, այսօր արդի է ունենալ միջգերատեսչական համալիր ծրագիր՝ ՏԻՄ-երի ներգրավմամբ, որպեսզի հաջողությամբ դիմագրավենք վարակին մինչեւ պատվաստվելը»։

 

ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Իրինա Մալխասյանի կարծիքով էլ՝  առողջապահական համակարգը պատրաստ չէր մեծաքանակ հիվանդների հոսքին, շնչառական անբավարարության բազմակի հիվանդները մնում էին ոչ պրոֆեսիոնալների հսկողության տակ․ «Դա խոսում է այն մասին, որ մեր կրթական ցենզն ու հատկապես մեր մասնագիտության շրջանակները պետք է բարձրացվի ու ապագա բժիշկները ավելի շատ տեղեկացված լինեն։ Օրինակ՝ արհեստական շնչառության մասին, ի զարմանս ինձ, մինչ օրս Հայաստանում քովիդով հիվանդներին, հատկապես տնային պոլիկլինիկական պայմաններում  սկսում են բուժել հակաբիոտիկներով եւ բացարձակ տեղյակ չլինելով պաթոգենի, վարակի եւ հիվանդության ընթացքի մասին։ Ինչո՞ւ։ Ոչ հիմնավորված մեծաքանակ դեղեր նշանակելով մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվում, հուսալով, որ օգնում ենք մարդուն, այնինչ մենք նվազեցնում ենք հիվանդի օրգանիզմի ռեսուրսները։ Մի շարք դեղորայքներ են նշանակում ոչ ցուցումներով, հետո խնդիրներ են առաջանում ինտենսիվ թերապիայում։ Մյուս խնդիրը՝ ինչպես է կառուցվում հսկողությունը, ընթացքը նախահիվանդանոցային եւ հիվանդանոցային փուլերում, արդյոք մենք մի տարվա ընթացքում կարողացանք ստեղծել մեխանիզմներ, որ կարողանանք սահմանել ներհիվանդանոցային վարակը։ Սա շատ ցավագին խնդիր է՝  անձնակազմի վարակվելը հիվանդներից։ Ի վերջո, սկսվելու է խենթության մեկ այլ ալիք՝ բոլորը շուտափույթ վազելու են պատվաստվելու։ Հարգելիներ, այն անձինք, որոնք ունեն բարձր հակամարմինների տիտր, ներկա պահին դեռ առաջնահերթ կարող են չդիմել այդ քայլին, այն անձինք, ովքեր չունեն հակամարմիններ, նրանք պետք է  պատվաստվեն»։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ նշեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարում համաճարակաբանները կարողացան զսպել վարակի կտրուկ վերելքը։ Նա, սակայն, նկատեց․ «Հսկայական ծախսեր արեցինք առաջին փուլերում, երբ փորձում էին մեկուսացման ճանապարհով տանել եւ համաճարակաբանական գործիքակազմը ամբողջովին կազմակերպել, բայց միեւնույն ժամանակ մենք  պետք է ապահովեինք թողունակությունն ու հասանելիությունը։ Նաեւ իրազեկվածության տեսանկյունից ունեցել ենք խնդիրներ, նույնիսկ այս պահին էլ ունենք, երբ քննարկվում է պատվաստումների գործընթացը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031