Այսօր լոռեցիները եւս հետեւելով վարչապետ Փաշինյանի կոչին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մոտից մեկնեցին Երեւան՝ մասնակցելու հանրահավաքին:
Լոռեցիների տեղափոխման հարցերը մարզպետ Արամ Խաչատրյանն անձամբ էր կարգավորում: Վերջինս պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրեց, թե Լոռիում եւ Հայաստանում վախի մթնոլորտ չկա, եւ այն մարդիկ, որոնք գնում են հանրահավաքի, գնում են իրենց կամքով. «Ես ձեզ հետ համաձայն չեմ, որ վախեցած մթնոլորտ է: Հայաստանում 2018 թվականից այս կողմ չկա նման մթնոլորտ: Լոռեցիները գնում են հանրահավաքի կանգնելու իրենց վարչապետի եւ կառավարության կողքը: Լոռեցիներին հնարավոր չէ վախեցնել եւ ցանկացած քաղաքացի ինքն ազատ իր որոշումն է կայացնում եւ գնում հանրահավաքի: Ոչ մի ճնշում եւ պարտադրանք չկա, ես ձեզ վստահեցնում եմ»:
Այն հարցին, որ թեեւ նախկինում հենց գործող իշխանություններն էր մեղադրում նախկիններին՝ վարչական ռեսուրս օգտագործելու մեջ, իսկ այս պահին կարծես թե նույն կերպ նաեւ իրենք են վարվում, Խաչատրյանն ասաց. «Նման բան գոյություն չունի, խոսքը վերաբերվում է՝ պարտադրելուն, աշխատանքից ազատելուն եւ այլն: Բոլորն իրենց կամքով են գնում հանրահավաքի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, վարչական ռեսուրս չի կիրառվել: Ասեմ ավելին, կան մարդիկ, որոնք աշխատելով պետական ապարատում նույնիսկ հրապարակային քննադատում են մեզ եւ մենք դա նորմալ ենք վերաբերվում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ