Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հարգում եմ՝ ե՛ւ պարոն Փաշինյանին, ե՛ւ պարոն Ծառուկյանին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, որը ունի իր միտքը». Սուքիասյանը՝ թե ինչու խնամու հանրահավաքին չի գնացել

Մարտ 01,2021 19:07

Հանրապետության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաք-երթը:

Հանրահավաքին մասնակցում է գործարար, «Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե քանի՞ հոգի եք բերել այս հանրահավաքին, նա պատասխանեց. «Նախ առաջինը՝ մոռանում եք նախկին բոլոր ոճերը հարաբերությունների, անցնում ենք նորին: Նախկինում ստիպողաբար էր, այս 3 տարիների ընթացքում մարդիկ իրենց գիտակցությամբ են առաջնորդվում»:

Հարցին՝ հիմա «Սիլ կոնցեռնի» աշխատակիցները գիտակցաբար եկե՞լ են այս հանրահավաքին՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ «Սիլ կոնցեռնից» ովքեր են եկել, բայց ես գիտեմ, որ «Սիլ կոնցեռնում» առաջադեմ մտածելակերպ ունեցող մարդիկ են աշխատում»:

Հարցին՝ ձեր խնամին էլ՝ Գագիկ Ծառուկյանը, մի փողոց այն կողմ՝ Բաղրամյան պողոտայում է հանրահավաք անում, ինչո՞ւ իր կողքին չեք, եկել եք այստեղ՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Նախ՝ առաջինը ես ոչ մեկի կողքին կանգնած չեմ: Ես ունեմ միտք, ունեմ ծրագիր, ունեմ պատկերացում, թե Հայաստանը ինչ ձեւով պետք է զարգանա: Ես բոլոր իմ բարեկամներին հարգում եմ՝ ե՛ւ պարոն Փաշինյանին, ե՛ւ պարոն Ծառուկյանին, ե՛ւ մնացած իմ բոլոր բարեկամներին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, որը ունի իր միտքը, իր պատկերացումը եւ իր կարծիքը»:

Իսկ թե ի՞նչ ձեւով պետք է զարգանա Հայաստանը՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «ՀՀ-ն պետք է խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների շարքով գնա, շղթայված, ոչ մի րոպե պետք է չկանգնի»:

Իսկ ապացուցելու համար, որ հիմա բարեփոխումների ճանապարհով ենք գնում՝ Խաչատուր Սուքիասյանը թվերով խոսեց. «2000-ին ՀՀ տնտեսության մեջ եղել է 105 մլրդ դրամ, ավանդները եղել է 128 մլրդ դրամ, որից 25 մլրդ-ը գնացել է պետական կարճաժամկետ պարտատոմսերի փակմանը: Իսկ մյուս տասը տարում՝ 2010-ին 949 մլրդ դրամ է եղել, 2020-ի դեկտեմբերը փակվել է 4 տրիլիոն 182 մլրդ-ով»:

Դիտարկմանը, որ մեծ քանակով պարտքեր ենք վերցրել միայն անցյալ տարի, Սուքիասյանը արձագանքեց, որ պարտքերը շատ հաճելի բան են, որովհետեւ եթե պարտք չես վերցնում ու չես ներարկում տնտեսության մեջ, չի կարող տնտեսությունը զարգանալ. «Համավարակի ժամանակ կարո՞ղ էինք գյուղատնտեսական երկնիշ աճ ունենալ արտահանման: 2020-ին ՀՀ 820 մլն դոլարի սարքավորում է ներկրվել: Սա շատ լուրջ ցուցիչ է: Ավելի լավ բան ասեմ, վարկային կառուցվածքը ամբողջական փոխվել է, 20 տարի շարունակ ապառիկը եղել է առաջին տեղում: Հիմա գյուղատնտեսությունն է դարձել, արդյունաբերությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031