«Հոկտեմբերի 7-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին: Զրուցել ենք մոբիլիզացիոն խնդիրների հետ կապված, նաեւ համապատասխան աշխատանք կատարել նրանց հետ, ովքեր մարտի դաշտից փախել են»,- այսօր Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանն ասաց, որ ինքն այդ ժամանակ ներկայացրել է միջոցառումների ծրագիր` «ռազմական դրությունից ու պետությունը խաղաղից պատերազմի տեղափոխելու պլան»։
Սեյրան Օհանյանը մանրամասնեց իր ծրագիրը. «11-րդ կետում նշված է՝ ապահովել բանակի հեռանկարային համալրումը, սանիտարական կորուստների վերականգնումը, նոր ձեւավորվող զորամասերի ստորաբաժանումներով համալրումը, ինչպես նաեւ առաջարկել հատուկ մեկամսյա կամ երեքամսյա հավաքներ իրականացնել, ամեն անգամ, երբ ես մտնում էի Արայիկ Հարությունյանի աշխատասենյակ, այդ կետը տարբեր գրիչներով գրում էի ու ասում էի՝ սա ձեր հացն է, կատարեք այս կետը, հաղթեք, ինձ տարեք, 20 տարի նստեցրեք»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ ասել է, որ այդ կետը կկատարեն ու ոչինչ չի արվել:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ