«Չի կարող այս աննորմալ վիճակը երկար շարունակվել»,- այսօր, Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը`հավելելով, որ ինքը իշխանության գործողությունների բացատրությունը չունի, ըստ ամենայնի, փորձում են մի քանի օր էլ երկարաձգել իշխանությունը:
Հարցին`ներքին զորքերից ազդակներ նկատո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միանալու, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Իշխանությունը փողոցում գցած է: Միգուցե դա շատ վատ բառակապակցություն է, բայց այսօր այդպես է: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր չունի իշխանություն ՀՀ-ում: Ինքը չի կարող այսօր հրամաններ տալ նախարարություններին, գերատեսչություններին: Դա ուղղակի պետք է հասկանալ եւ շարժվել առաջ»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի այսօրվա հանդիպմանը եւ պատասխանելով հարցին`տեսնո՞ւմ է նախագահի վրա ճնշում գործադրելու միտում, Արթուր Վանեցյանն ասաց, որ ըստ պաշտոնական հաղորդագրության Նիկոլ Փաշինյանը գնացել էր հիվանդատես, ըստ այլ տեղեկությունների`գնացել էր ճնշում գործադրելու, որպեսզի Արմեն Սարգսյանը ստորագրի Օնիկ Գասպարյանի հրաժարականը. «Ցավոք, իշխանությունն այնպես է արել, որ մենք այլեւս չենք կարող հավատալ պաշտոնական տեղեկատվությանը»:
Արթուր Վանեցյանը խոսեց նաեւ իրեն ուղղված այն մեղադրանքների մասին, թե ինչո՞ւ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցով ինքը չէր զբաղվում, երբ ԱԱԾ ղեկավար էր: Մի քանի օր առաջ նա հայտարարել էր, որ Ադրբեջանում գտնվող գերիներին վերադարձնելը մի քանի օրվա խնդիր է, եթե պետությունը աշխատանք տանի: Դրանից հետո նրա հասցեին մեղադրանքներ էին հնչում, թե իր ԱԱԾ ղեկավար եղած շրջանում մենք մի քանի գերի ունեինք, ինչո՞ւ չէր զբաղվում նրանց վերադարձի հարցով: Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքն այդ աշխատանքով զբաղվում էր, մի քանի օր էր մնացել հարցն ավարտին հասցնելու համար, բայց ինքն ազատվեց աշխատանքից:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ