Գյումրու Վարդանանց հրապարակից Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու մեկնող քաղաքացիներն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեցին, թե ինչո՞ւ են սատարում վարչապետին։
Կանանցից մեկը վստահեցրեց, որ ինքը Ջավախքից հատուկ եկել է Գյումրի, որ գնա մայրաքաղաք՝ հանրահավաքին մասնակցելու։
«Ես սիրում եմ Նիկոլ Փաշինյանին, նա ազնիվ, լավ աշխատող է, իսկ ռոբասերժականներն այդպիսին չեն, նրանք թալանող են, ժողովրդի քրտինքն ուտող են։ Ես նիկոլական եմ, Նիկոլի ցավն էլ տանիմ։ Էդ դղյակատերերը՝ կեղտոտները, ինչո՞ւ հանգիստ չեն թողնում Նիկոլին», -ասաց Ջավախքից եկած կինը։
Մեկ այլ կին էլ հավելեց․ «Ես էլ եմ գնալու հանրահավաքի, ես էլ եմ կողմնակից Նիկոլ Փաշինյանին։ Նա շատ ազնիվ անձնավորություն է, իսկ 17 կուսակցություններն իրենց ղեկավարներով, ազգուտակով, ելել են իրենց հարստությունը պաշտպանելու։ Դրա համար էլ մենք Գյումրիից Երևան ենք հասնելու՝ սատարենք Նիկոլ Փաշինյանին»։
Կարդացեք նաև
Հրապարակում մեզ մոտեցավ նաև այն կինը, որը մի քանի օր առաջ Շիրակի մարզպետարանի դիմաց իր հեռախոսահամարն էր թելադրում Նիկոլ Փաշինյանին՝ նրա հետ առանձին հանդիպելու ակնկալիքով և որը դարձել էր օրվա հերոսներից։ Նրան քննադատել էին նախկիններին ևս նույն ձևով մեծարելու, «թագավոր» անվանելու համար։
Տիկինը՝ Ալվարդ Հարությունյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի ազնիվ ղեկավարներից է, այդ պատճառով էլ իր տղայի հետ գնում է մայրաքաղաք՝ նրան սատարելու։
«Նա էնքան ազնվություն ունի, խաբեբա չէ, թալանչի չէ, լափողներից չէ, բոլորը մտածում են՝ մարդուն, որ պաշտպանում ես, ուրեմն կաշառված ես, որովհետև իրենք էդ դիրքով են առաջնորդվում։
«Գնում ենք մեր վարչապետի կողքին կանգնելու՝ սրտաբաց, գրկաբաց, ամեն ինչ անելու ենք, որ այս 17 կուսակցություններն առաջ չգան։ Էնպես չէ, որ մենք բանակի կողքին կանգնած չենք, չլինի Օնիկ Գասպարյանը, լինի մեկ ուրիշ լավ տղա, ինչի մեր Հայաստանի մեջ չկա՞ Օնիկ Գասպարյանի նման լավ ծառայակիցներ․․․ Երբ որ ինքը փորձում է հեղաշրջում անել վարչապետի ուղղությամբ, ուղղակի աբսուրդ է։ Էդ իսկանդերը փորձեցին Սերժով, բանով գցել Փաշինյանի գրպանը»,- ասաց Հարությունյան Ալվարդը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ