Այսօր Երեւանի պետական բժշկական համալսարանում մասնագետները քննարկում էին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի մեկ տարվա արդյունքները։
Քննարկման մասնակից պրոֆեսոր, ԵՊԲՀ գիտական գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը տեղեկացրեց, որ համալսարանը թողարկել է մի քանի նախագծեր, պարզելու՝ արդյոք առաջանում են հակամարմիններ, որքան երկար են դրանք մնում օրգանիզմում, ինչպես են փոփոխվում հակամարմինների դինամիկան, ինչպես նաեւ փորձում են հասկանալ, թե ինչ երկարաժամկետ հետեւանքների կարող է հանգեցնել քովիդը, մասնավորապես շեշտը դրվում է ուղեղում տեղի ունեցող փոփոխությունների վրա․ «Բժշկական համալսարանը մեծ թափով քանակական անալիզով որոշելու է քովիդ 19-ի հակամարմինները, ազգային մակարդակով կանենք հետազոտություններ, եւ արդեն իսկ կարող ենք ասել, որ հակամարմինները երեւի մինչեւ 10 ամիս մնում են օրգանիզմում։ Ինչը կարող է անուղղակի խոսել այն մասին, որ քովիդով վարակված անձինք, երեւի այս 10 ամիսների ընթացքում պաշտպանված կլինեն երկրորդ կրկնավարակի նկատմամբ։ Բայց այս ամենը մենք զգուշությամբ ենք ասում, որովհետեւ եւս մեկ անգամ այս ամենը պետք է փաստարկվի, որ մեր ասածը 100%-ով գիտական հավաստիացում ունենանք»։
ԵՊԲՀ-ի դասախոս, համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանն էլ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին, հիշեցրեց՝ ԱՀԿ-ն փետրվար 18-ի դրությամբ 7 պատվաստանյութի մասին է խոսել, որոնցից երկուսը Հայաստանում առաջիկայում հասանելի կլինեն, մեկը՝ ռուսական «Սպուտնիկ Վ-ն» է, մյուսը՝ Օքսֆորդի «ԱստրաԶենեկա» ընկերության պատվաստանյութն է։ Այս երկու պատվաստանյութերն, ըստ մասնագետի, վեկտորային են, պարունակում են Sars Cov- 2 հակամարմինը․«Նախնական փուլում կպատվաստվեն բուժանձնակազմերը, 65 եւ բարձր տարիքի անձինք, խրոնիկ հիվանդները, եւ երկարատեւ խնամքի կենտրոնի աշխատակիցները։ Այսօր սա այն գործիքն է, որը թույլ է տալիս փոխել խաղի կանոնները հօգուտ մեզ։ Այստեղ շատ բան կախված է մեր հանրության արձագանքից, եւ թե ինչ ընդգրկվածություն կունենա եւ չտրվեն այն թյուր կարծիքներին, թե անպտղություն է առաջացնում, չիպավորում է եւ այլն»։
Վիրուսները մուտացիայի են ենթարկվում, քովիդ-19-ի դեմ պատվաստանյութը որքանով է պաշտպանում մուտացված այս վիրուսի ազդեցությունից։ Ի պատասխան այս հարցի քննարկման մասնակից համաճարակաբան Արմեն Բադալյանն ասաց, որ ԱՀԿ-ն պատվաստվելու համար հակացուցում չի համարում վարակված եւ ապաքինված լինելը․ «Իհարկե, ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս մինչեւ երեք ամիս հապաղել պատվաստվելը, բայց սա պատճառաբանում է օրգանիզմում հակամարմինների բարձր տիտրով։ Բայց սա անորոշ է, կարող է փոփոխվի։ Մի շտամով եթե վարակվել ես, կարող ես մյուսով էլ վարակվել, եւ եթե մենք սկսենք տիտր որոշել, հետո նոր պատվաստվել, գործընթացը կտապալվի»։ Բժիշկն ասաց, որ կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերը բացառում են հիվանդացության ծանր ու մահացու ելքերը։
Կարդացեք նաև
Կոնստանտին Ենկոյանն էլ նշեց․ «Մեր հետազոտությունների շրջանակում մենք դեռ չենք հանդիպել անձի, որը հիվանդացել է, ունի ՊՇՌ թեստի դրական արդյունք, ունի հակամարմինների տիտր, նույնիսկ նվազագույն, ու հետո նորից հիվանդացել է։ Մյուս փաստը՝ քանի որ պատվաստումը նոր է թափ առնում, չենք կարող համեմատել թե այն հակամարմինները, որոնք կառաջանան վակցինացիայից հետո եւ այն հակամարմիները, որոնք կառաջանան հիվանդանալուց հետո՝ բնական ձեւով, ինչ փոխհարաբերությունների մեջ են իրար հետ գտնվում։ Եվ այստեղ բժշկական համալսարանը սկսում է կատարել հակամարմինների համեմատական բնութագիրը՝ հիվանդացած եւ վերականգնված մարդն ինչ հակամարմինների տիտր ունի եւ ինչ տիտր ունեն պատվաստվածները»։ Պարոն Ենկոյանն ասաց, որ պետք չէ պատվաստել հակամարմին ունեցողներին, եթե պատվաստանյութի պակասուրդ կա։
Կոնստանտին Ենկոյանն անդրադառնալով վիրուսի մուտացված տեսակին եւ այդ դեպքում պատվաստանյութի ազդեցությանն, ասաց՝ այսօր դեռ կիրառվող պատվաստանյութերը պայքարում են վիրուսի S սպիտակուցի դեմ․ «Արագ մուտացիաներն ինչքան էլ կան, վիրուսը դեռ շատ վակցինա չի տեսել, վիրուսը կսկսի ավելի լավ պայքարել վակցինայի դեմ, երբ շատ վակցինա կտեսնի։ Բոլոր վակցինաները, արտադրական մի փոքր տարբերությամբ, պայքարում են այդ S սպիտակուցի դեմ, որը գտնվում է վիրուսի մակերեւույթին եւ կապվում է մեր օրգանիզմի ընկալիչների հետ։ Պատվաստանյութերն այնպիսի միջավայր են ստեղծում օրգանիզմում, որ առաջանում են հակամարմիններ, որոնք նպաստում են նրան, որ S սպիտակուցով վիրուսը չի կարողանում կապնվել։ Այսօր կիրառվող պատվաստանյութերը, բացի հարավաֆրիկյան շտամից, հստակ պայքարում են մնացած շտամերի դեմ, որովհետեւ լուրջ մուտացիաներ, որոնք կխոչընդոտեն, դեռ չկան»։
Ինչո՞ւ են մեր երկրի համար ընտրվել նշված երկու պատվաստանյութերը, արդյոք գին-որակ հարաբերակցության մեջ կա մտահոգիչ հանգամանք։ Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը հղում անելով միջազգային Կովակս կազմակերպությանը, նշեց՝ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է անցյալ տարվա սեպտեմբերից, կազմակերպության նպատակն է՝ ամբողջ աշխարհում հավասարաչափ բաշխել պատվաստանյութերը, եւ չլինի այնպես, որ ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկիրը գումար չունենալու պատճառով չկարողանա ձեռք բերել պատվաստանյութերը․ «Այս կազմակերպության շրջանակներում Հայաստանին առաջարկվել է «ԱստրաԶենեկան, բայց սա ոչ թե գնային պատճառով, այլ՝ լոգիստիկ, որովհետեւ մյուս երկու պատվաստանյութերը՝ «Պֆայզեր»-ն ու «Մոդեռնա»-ն պահանջում են ավելի ցածր սառցաշղթա, ավելի ցածր ջերմային ռեժիմ, իսկ այս պահին մեր կարգի երկրներում այդ ջերմային ռեժիմը միգուցե ավելի դժվար լինի ապահովել, քան «ԱստրաԶենեկան»։
Քննարկման ներկա ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ հավելեց՝ եթե պատվաստանյութը թույլատրվել է կկիրառման մարդկանց շրջանում, ապա այն համապատասխանում է ընդունված չափանիշներին, եւ պետք չէ կենտրոնանալ գնի, երկրի վրա։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ