Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրության հանդիսավոր արարողություն:
Նախարար Աշոտ Բախշիյանը գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների է շնորհել «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ և թանկարժեք նվերներ:
Նախարարի խոսքով, պարգևատրությունը պետք է տեղի ունենար 2020 թվականի հոկտեմբերի 2–րդ կիրակի օրը, որն ավանդաբար նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:
Սակայն, հայտնի պատճառով նախատեսված արարողությունը հետաձգվել է:
Նույն օրը, պարգևների ու նվերների հանձնումից հետո, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հանդես է եկել իր զբաղեցրած պաշտոնից հրաժարականի մասին հայտարարությամբ:
«Շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ ու նվիրված աշխատանքի համար՝ ցանկանում եմ հայտնել նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին: Որոշման պատճառներն անձնական են:
Բոլորիդ մաղթում եմ շարունակել եռանդուն ու բեղմնավոր աշխատանքն՝ ի բարօրություն մեր երկրի»,- մասնավորապես ասել է Աշոտ Բախշիյանը:
Հաջորդ օրը, փետրվարի 24-ին, զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը:
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն