Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գծից հանվել էր Գյումրու քաղաքային տրանսպորտը․ Վարդանանց հրապարակից մեկնեցին հանրահավաքի

Մարտ 01,2021 17:38

Քիչ առաջ Գյումրու Վարդանանց հրապարակից Գյումրու քաղաքային տրանսպորտով 150-ից ավելի քաղաքացիներ մեկնեցին մայրաքաղաք՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու։

Նշենք, որ Վարդանանց հրապարակում շարված էին թիվ 20, 22, 25 և 26 երթուղու միկրոավտոբուսներ, կար նաև տուրիստական մեծ ավտոբուս։

Ի դեպ, հանրահավաքի մեկնողների մեծ մասը տարեց մարդիկ էին, որոնց պատկերացմամբ, այս պահին կռիվ է գնում դղյակատերերի ու հասարակ քաղաքացիների միջև։ Ըստ նրանց, 17 կուսակցությունների շարքերում գտնվող դղյակատերերը չեն թողնում Նիկոլ Փաշինյանին աշխատել, այդ պատճառով էլ իրենք գնում են ժողովրդի ընտրած վարչապետին սատարելու։

 

Aravot.am-ն Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանից հետաքրքրվեց վարչական ռեսուրսների օգտագործման ու Գյումրու քաղաքային տրանսպորտով հանրահավաքի մեկնելու մասին։

«Վարչապետի կոչով բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են միանալու հանրահավաքին։ Այն մարդիկ, որոնք չեն ուզում նախկինների վերադարձը, իրենց քայլն են անում, որպեսզի կանխեն նախկին թալանչի, կոռումպացված ռեժիմի վերադարձը։ Հավաքվել ենք Գյումրու հրապարակում, շատերն արդեն գնացել են, ճանապարհին մեզ միացողներ կլինեն»,-ասաց պատգամավորը։

Մեր հարցին, թե ինչպե՞ս կպարզաբանի վարչական ռեսուրսների օգտագործմամբ հանրահավաքին մարդաքանակ ապահովելու մասին տեղեկությունները, պատգամավորը պատասխանեց․ «Եթե կլինի մի քաղաքացի, որը կասի՝ իրեն ստիպել են, որպեսզի մասնակցի այսօրվա հանրահավաքին և երթին, թող այդ մասին բարձրաձայնի։

Ես վստահ եմ, որ նման բան չկա, հազարավոր քաղաքացիներ դիմել են և խնդրել են, որպեսզի մենք աջակցենք, եթե տեղափոխման խնդիր ունեն, որպեսզի մարդիկ հասնեն Հանրապետության հրապարակ»։

Կարեն Սարուխանյանից նաև հետաքրքրվեցինք, թե Գյումրու քաղաքային տրանսպորտը ինչո՞ւ է բերվել մայրաքաղաք ուղևորվելու համար, վարձե՞լ են։

Պատգամավորը հավաստիացրեց, որ դրանք գծի մեջ չեն այսօր, վարձել են, որպեսզի քաղաքացիներին տեղափոխեն։

«Քաղաքային իշխանություններն այստեղ որևէ դերակատարություն չունեն, իմ ասածն այդ է»,- ասաց Կարեն Սարուխանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031