«Մարտի 1-ը մնացել է նույն կետում, որտեղից սկսել էր, եւ սա ամոթ է։ Ամոթ է բոլորիս համար՝ եւ նախկին իշխանության, եւ այս իշխանության համար»,-2008թ․-ի մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված երթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«13 տարի է անցել, բայց այդ գործը չի հասել անգամ մեղադրանքի ընթերցմանը։ Հիասթափեցնող, հուսահատեցնող գործընթաց է։ Եթե այս գործը բացված լիներ, մեղավորները՝ նստած, չէր լինի այս քաոսը, որովհետեւ անպատժելիությունը բերում է նոր հանցագործությունների»,-համոզմունք հայտնեց Արամ Մանուկյանը։ Նրա խոսքով․ «Մարդիկ, որոնք այսօր ընդդիմադիր են աշխատում, պատասխանատու են «Մարտի 1»-ի համար։
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանի բնորոշմամբ․ «Ունենք թատերական ներկայացում, որը կոչվում է դատական գործընթաց, որը երկու տարի է՝ չի մտել իրական դատական գործընթացի մեջ։ Սա ֆարս է, ներկայացում, անպատասխանատվություն՝ զոհերի, երկրի ապագայի նկատմամբ։ Չի կարելի այսպես վարվել երկրի հետ։ Չի կարելի արդարադատության հետ նման կերպ վարվել եւ ծաղրուծանակի վերածել ամեն ինչ։ Փաստ է, որ անցել է 13 տարի, եւ որեւէ գործ առաջ չի գնում։ Դա է պատճառը, որ ընդդիմադիր աշխատողները եւ ընդդիմադիր կոչվածները, որոնք պատասխանատու են «Մարտի 1»-ի եւ պատերազմի կորուստների համար, այսօր քաղաքական հայտ են ներկայացրել իշխանություն վերցնելու։ Սա ծաղր է ժողովրդի, պետականության հանդեպ։ Ծայրահեղ ռեւանշիստները եւ ծայրահեղ թավիշականները ոչինչ չեն անում՝ երկիրն այս փոսից ու խառնաշփոթից հանելու համար»։
Արամ Մանուկյանը կարծում է, որ եթե «Մարտի 1»-ի գործը չբացահայտվեց, նոր ոճիրներ են լինելու․ «Եթե չպատժվեն, նոր իշխանափոխություն ու ռեւանշ, հեղաշրջում կլինի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ