Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ մարտի 1-ից թատրոնը սկսում է երեկոյան ներկայացումների շրջանը:
«155-րդ թատերաշրջանն ընթացքի մեջ է, որը բացել էինք սեպտեմբեր ամսին: Այն Վարդան Պետրոսյանի «Վերելք» ներկայացումով էր բացվել, որը խաղացինք նոյեմբեր ամսին` հենց պատերազմի օրերին: Ներկայացումը խաղացինք Գյումրիում եւ Երեւանում, եւ նպատակն այն էր, որ ամբողջ հասույթը ուղարկենք բանակին: Դրանից հետո ամանորյա ներկայացում էր, իսկ 2021թ հունվար-փետրվար ամիսներին հիմնականում խաղացել ենք մանկական ներկայացումներ:
Այս տարվա մարտի 1-ից Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը սկսում է խաղալ իր երեկոյան ներկայացումը: Նախատեսում ենք մոտ 18 ներկայացում, բայց համոզված ենք, որ էլ ավելի կշատանա այդ թիվը»,-նշեց թատրոնի տնօրենը:
Լյուդվիգ Հարությունյանը հավելեց, որ մարտի 7-ին արդեն թատրոնը կունենա նոր պիեսի առաջնախաղ, որը ինքն է բեմադրել` ըստ երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի գործի: Ներկայացումը կոչվում է«Քեյս»: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենն ասում է, որ այս ներկայացումն իր համար առանձնահատուկ է, քանի որ ինքը սովորաբար աշխատում է ներկա պահին ստեղծագործող դրամատուրգների հետ, այդպես եղել է նաեւ «Ինչու այսպես չարացանք», «Հարսանիք թիկունքում» եւ այժմ էլ ` Բաբկեն Զաքարյանի «Քեյսի» պարագայում: Վերջինս հատուկ թատրոնի համար է գրվել:
Կարդացեք նաև
«Շատ կարեւոր է, որ ստեղծագործում ես եւ աշխատում դրամատուրգի հետ աշխատանքի ընթացքում: Մեզ համար կարեւոր է, որ 2021թ. թատրոնը խոսի ավելի դրական բաների, սիրո ու համերաշխության նաեւ լավատեսության մասին: Այս գործը եւս սիրո մասին է: Պիեսը շատ այսօրեական է: Այն «Քեյս» է կոչվում, սակայն սիրո, մեր կյանքի հնարավորության մասին է: Ներկայացման մեջ ընդգրկված է ինչպես թատրոնի երիտասարդ կազմը, այնպես էլ ավագները: Յուրաքանչյուր սերունդ այս ներկայացման մեջ իր կյանքից մի փոքրիկ դրվագ կգտնի»,-համոզված է բեմադրիչը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ռեպերտուարի ու պիեսների ցանկի վերանայում արեք, շատ եք հետ, ռեկլամն էլ ձեզ չի օգնի: