Լրահոս
Օրվա լրահոսը

Երթի մասնակիցները հրմշտոցից հետո մուտք գործեցին Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ

Մարտ 01,2021 16:00

Սուրբ Աննա եկեղեցու բակից այսօր մի խումբ երիտասարդներ, որոնք «Հանուն հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներ էին, իրազեկման ցույց իրականացրին՝ երթով շարժվելով կենտրոնի փողոցներով:

«Ազգ բանակ, հաղթանակ», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով նրանք հասան Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ: Այստեղ շենք մտնել ցանկացող երիտասարդներին ոստիկաններն արգելեցին առաջ շարժվել: Ոստիկանները դուռը կողպեցին եւ թույլ չտվեցին մուտք գործել, բայց հրմշտոցից հետո ցույցի մասնակիցներին հաջողվեց մտնել Կենտրոն վարչական շենք:

Ցուցարարները աշխատակիցներին հորդորեցին տուրք չտալ ղեկավարության պահանջներին եւ չգնալ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին:

Երիտասարդների խոսքով, իրենք տեղեկություն են ստացել, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներին ստիպում են, որ գնան այսօրվա հանրահավաքին: Իրազեկումից հետո երիտասարդները դուրս եկան շենքից:


Նրանց խոսքով, իրենց ցույցերի ժամանակ ոչ մի գույք չի վնասվել, ոչ մի քաղաքացի չի տուժել:

Երթի ժամանակ ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ տեղեկություն կա, որ Պետական վերահսկողական ծառայությունում նույնպես կիրառվում է վարչական ռեսուրս եւ աշխատակիցներին ստիպում են մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին: Այդ տեղեկությունից հետո նրանք փոխեցին երթի ուղղությունը՝ շարժվելով դեպի Վերահսկողական ծառայության շենք: Այստեղ էլ երիտասարդ ցուցարարները դիմեցին աշխատակիցներին՝ կոչ անելով չվախենալ եւ չգնալ հանրահավաքին:

Ցույցի կազմակերպիչները դատախազությանը կոչ արեցին հետամուտ լինել «այդպիսի անօրինականություններին»:

Նրանք ժամանակ առ ժամանակ ողջունում էին երթը հսկող ոստիկաններին: Երիտասարդները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որն արդեն քանի օր է ընդդիմության ներկայացուցիչները փակ են պահում:

Նշենք, որ ավելի վաղ դաշնակցական երիտասարդները մտել էին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք՝ նախարարներին զգուշացնելու, որ իշխանական լծակներն օգտագործելով՝ պետական սեկտորի աշխատակիցներին բռնի չտանեն Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։

 

Հ. Գ. Ավելի ուշ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որտեղ նշված էր՝

«Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ (թաղապետարան)՝ պնդելով, թե իբր շենքում «ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին»:

Ընդ որում, թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը:

Հայտնում ենք, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Որեւէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031