Մարտի 1-ին կայացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ պետք է նոր ռեկտոր ընտրվի, քանի որ նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը պաշտոնից ազատվել է պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով, իսկ ռեկտորի պարտականությունների կատարումը դրված է ՀԱՊՀ Միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Ազգաշյանի վրա: Ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմել է 6 թեկնածու` բոլորին էլ պոլիտեխնիկցի են:
Հավակնորդներն են` բուհի Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը, Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը, Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանություն ամբիոնի դոցենտ Նորայր Հարությունյանը, Հիդրոտեխնիկա բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Պարգեւ Բալջյանը եւ գործող պրոռեկտոր Գոռ Վարդանյանը:
Խորհրդի անդամներից մեկն առաջարկեց ընտրությունները հետաձգել, ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումից հետո նոր ընտրակարգով ռեկտոր ընտրել: Այլ առաջարկներ էլ եղան. ոմանք պնդում էին, որ հավակնորդների ներկայացումները, հարցազրույցները ուղիղ եթերով չցուցադրվեն, մյուսները կողմ էին ծրագրերի ներկայացմանը եւ հարց ու պատասխանի հանրայնացմանը:
Բանավեճերին վերջ դնելու համար բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը հարցերը դրեց քվեարկության եւ ձայների մեծամասնությամբ որոշվեց, որ ռեկտորի հավակնորդի զարգացման ծրագիրը ներկայացնելիս ներկա լինեն նաեւ մյուս հավակնորդները, ու ամեն ինչ ուղիղ եթերով ցուցադրվի, հանրայնացվի:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ