Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչական ռեսուրսի օգտագործումը բացառում եմ»․ Լոռու մարզպետը՝ խորհրդականի մասնակցությամբ ձայնագրության մասին

Մարտ 01,2021 14:51

«Լոռեցիներին, մեր հայրենակիցներին հրապարակային կոչ եմ արել մասնակցել այսօրվա հանրահավաքին, եւ սա գաղտնիք չէ։ Արմեն Հարությունյանը նաեւ մեր քաղաքական թիմի անդամ է, եւ շատ մարդիկ տարբեր հարցերով, այդ թվում՝ տեխնիկական, դիմում են նրան»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր անդրադառնալով առցանց հարթակում այդ թվում իր խորհրդական Արմեն Հարությունյանի մասնակցությամբ ձայնագրության հրապարակմանը՝ ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ տարածվեցին ՏԻՄ մարմինների պաշտոնյաների հետ հեռախոսային խոսակցության ձայնագրություններ, որոնցում պաշտոնյային զանգահարած անձը ներկայանում է իբրեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ու հետաքրքրվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի մեկին հայտարարած հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց տեղափոխման խնդիր կա՞, տրանսպորտի հարց պե՞տք է լուծել։ Զրուցակիցներն էլ պատասխանում են, թե ինչ են արել այդ ուղղությամբ։ Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանն ասում է, որ ողջ օրը զանգերի, հանդիպումների միջոցով աշխատել են․ «Բոլոր հարցերով զբաղվում են, դպրոցներից նորմալ թիվ ա»․․․

«Այնպես որ, կարծում եմ՝ այստեղ որեւէ արտառոց որեւէ բան չկա»,-նշեց Արամ Խաչատրյանը։ Նրա խոսքով․ «Մեր կուսակցականները գալիս են իրենց մեքենաներով։ Մարդիկ կան, որ ժամ են ճշտում, տարբեր տեխնիկական հարցերով են դիմում»։

Մարզպետը վարչական ռեսուրսի օգտագործումը բացառում է․ «Նման բան գոյություն չունի։ Հիմա որեւէ մեկին որեւէ մեկը չի կարող պարտադրել։ Ավելին՝ մարդիկ կան, որոնք աշխատելով պետական ապարատում, հրապարակային քննադատություն են հնչեցնում, այսինքն՝ ազատ են իրենց խոսքի, կարծիքի եւ տեղաշարժվելու հարցում, բայց այդ ազատությունը ոմանք իհարկե շփոթում են ամենաթողության հետ։ Նման դեպքեր էլ կան»։

Ինչ վերաբերում է ընդդիմախոսների հայտարարություններին, թե հանրահավաքի ժամանակ բախումների պատասխանատվությունը կրելու է իշխանությունը, Արամ Խաչատրյանը շեշտեց․ «Բախումներ չեն լինի, մենք թույլ չենք տա։ Այն, ինչ իրենք նախապես պլանավորում են, չի ստացվելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031