Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննարկվել է հանրապետությունում հանցավորության շարժընթացը 2020թ.-ին․ առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 4․2%-ով

Մարտ 01,2021 13:57

ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են 2020թ.-ին հանրապետությունում հանցավորության շարժընթացը, դրա դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների աշխատանքը և դատախազության գործունեության արդյունքները:

Նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարները:

2020թ.-ի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.468 դեպք՝ նախորդող տարվա 26․850-ի դիմաց: Դեպքերը նվազել են 382-ով կամ 1.4%-ով, Երևան քաղաքում՝ 1069-ով կամ 7.1 %-ով:

Առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 4․2%-ով, բացահայտումը կազմել է 54,9%: Սակայն  ծանր հանցագործության  դեպքերը նվազել են 9․2 %-ով:  Վերջինս պայմանավորված է հիմնականում բնակարանային գողությունների դեպքերի կտրուկ՝ 25.8%-ով նվազմամբ, ինչի վրա ազդել են ինչպես 2020թ.-ի հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով կիրառված սահմանափակումներն ու կանոնները, այնպես էլ նախորդող տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ այս ոլորտում կատարված կանխարգելիչ մի շարք կարևոր միջոցառումները:

2020թ.-ին հանրապետությունում գրանցվել է սպանության 50 դեպք՝ 2019թ.-ի 47-ի դիմաց, սպանության փորձի 39 դեպք՝ 30-ի փոխարեն:

7.9%-ով նվազում է  արձանագրվել առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքերի շարժընթացում: Արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 633 դեպք՝ նախորդող տարվա 613-ի դիմաց: Այսինքն նման դեպքերն ավելացել են 20-ով կամ 3.3%-ով: ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված՝  ՀՀ-ում վերջին 10 տարվա միտումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնասպանություն կատարած անձանց կազմում բացարձակ գերակշիռ մաս են կազմում գործազուրկները, ապա՝ թոշակառուները:

Զգալիորեն՝ 10.7%-ով նվազել են ՃԵԿ խախտմամբ կատարված հանցագործությունների դեպքերը, որոնց բացահայտումը կազմել է 82.1%: Սակայն դրա հետ մեկտեղ, մահվան ելքով դեպքերի քանակն աճել է 1.3%-ով:

Էական  աճ է արձանագրվել ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման առումով: Եթե 2019թ.-ին այդ հանցակազմով հարուցվել է 282 քրեական գործ, ապա 2020թ.-ին՝  369-ը: Այսինքն՝ աճը կազմել է 31%: Վերջինս պայմանավորված է նման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրավապահ և հսկողություն իրականցնող այլ իրավասու մարմինների հետևողականությամբ:

Զգալիորեն աճել են ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և ապօրինի շրջանառության այլ դեպքերը: Եթե 2019թ.-ին արձանագրվել է նման բնույթի 586 դեպք, ապա 2020թ.-ի ընթացքում՝ 641, այսինքն՝ դեպքերը աճել են 9.4%-ով: Վերջինիս նպաստել է 2020թ.-ի Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում և դրանից հետո դեպի ՀՀ ապօրինի կերպով զենք-զինամթերքի տեղափոխման բազմաթիվ դեպքերի հայտնաբերումը:

Նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 1819 նյութից 1241-ով հարուցվել են քրեական գործեր: Կոռուպցիոն 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Նախնական քննության և դատական քննության ընթացքում միայն ավարտված կոռուպցիոն գործերով բացահայտվել է պատճառված ընդհանուր 7.8 մլրդ ՀՀ դրամի վնաս, վերականգնվել 4.6մլրդ ՀՀ դրամի վնաս, որը մոտ 2.5 մլրդ դրամով կամ շուրջ 223%-ով ավելի է 2019թ.-ի համեմատ:

Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով, ուսումնասիրություններով, հարուցված հայցերով, քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով, նաև ներգործության միջոցներով՝ բացահայտված պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 21,4 մլրդ ՀՀ դրամ, վերականգնվել է 1.8 մլրդ ՀՀ դրամի վնաս:

ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով հանցավորության վիճակին, մտահոգություն է հայտնել, մասնավորապես, սպանությունների և սպանության փորձերի դեպքերի աճի կապակցությամբ՝ հանձնարարելով դատախազական հսկողության գործիքակազմի կիրառմամբ ուշադրություն դարձել հատկապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով կանխարգելիչ գործողությունների ձեռնարկմանը, նախկինում կատարված հանցագործության դեպքերի հնարավոր շարունակության դրսևորումները բացահայտմանը:

Արթուր Դավթյանն ընդգծել է բնակարանային գողությունների դեպքերի նվազման միտումներում դատախազության դերակատարությունը: Դրա օրինակով նա հանձնարարել է դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ կտրուկ մեծացնել քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետութունը, բազմապատկել տաք հետքերով հանցագործությունների բացահայտմանն ուղղված ցուցումներ և հանձնարարություններ տալու, հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով պատկան մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու և դրանցով բարձրացված խնդիրների լուծման հարցում հետևողականություն ցուցաբերելու դատախազական ներգործության մեխանիզմների գործարկումը:

Գլխավոր դատախազը նաև անդրադարձել է ձերբակալության պրակտիկային՝ առանձնացնելով ձերբակալությունների արձանագրություններում դրա հիմքերը որոշ դեպքերում հստակ չներկայացնելու խնդիրը, ինչի արդյունքում երբեմն հնարավոր չի լինում դատավորների մոտ դրանց իրավաչափության համոզմունք ձևավորել: Արթուր Դավթյանը միաժամանակ հանձնարարել է ընդգծված հետևողականություն դրսևորել նաև դատարանների կողմից ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ինչպես նաև կալանավորման միջնորդությունները մերժելու դատարանների որոշումների ուսումնասիրությանը:

Դրանց բացարձակ անհիմն և ապօրինի լինելու իրողությունը վեր հանելու դեպքում, ըստ նրա, անհրաժեշտ է վերադասության կարգով բողոքարկելուց բացի քննարկել այդ որոշումները կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը և անհրաժեշտությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ նման որոշումների արդյունքում երբեմն հանցագործությունների բացահայտման ուղությամբ քրեական հետապնդման մարմինների կատարած աշխատանքը «ջուրն է լցվում»:

Կոլեգիայի նիստի ավարտին Արթուր Դավթյանը, ուշադրություն հրավիրելով Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակին, նշել է, որ ներքին կայունության և անվտանգության խաթարման ցանկացած հանցավոր դրսևորում, անկախ դրանք կատարողների գործոնից, պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի, իսկ դատախազները և իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է առաջնորդվեն քաղաքական զսպվածության և չեզոքության սկզբունքով, գործեն բացառապես պետականության շահերով և օրենքի հիման վրա:

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031