Երեկ համացանցում տարածվեցին մի քանի հեռախոսազրույցներ համայնքապետերի, փոխքաղաքապետերի հետ այն մասին, թե ինչպես են նրանք մարդաքանակ ապահովելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա կազմակերպած հանրահավաքին։
Համացանցում հայտնված ձայնագրություններից մեկը Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանի հետ զրույցն էր։
ՔՊ-ի գրասենյակից ներկայացած անձը հետաքրքրվում էր, թե քանի՞ հոգի են մասնակցելու հանրահավաքին և կա՞ արդյոք տրանսպորտի, տեղաշարժի խնդիր։
Ի պատասխան՝ համայնքապետն ասում է․ «Չկա որևէ խնդիր, մենք ամեն ինչ կապահովենք, մոտ 50 մարդ մեր կողմից կլինի»։
Կարդացեք նաև
Հարցին՝ իսկ ընդհանուր առմամբ դպրոցի, մանկապարտեզի տնօրենին տեղյա՞կ եք պահել, դա՞ է առավելագույն թիվը, գյուղապետը նշում է, որ մայրաքաղաքում սովորող ուսանողներին, շինարարության վրա աշխատողներին կասեն, կգան հանրահավաքի։
Մենք փորձեցինք այս թեմայի շուրջ զրուցել համայնքապետ Հունան Պետրոսյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։
Հունան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ձայնագրությանը՝ գրելով․
«Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ կարճ անդրադառնալ երեկ համացանցում տարածված հեռախոսազանգին: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում ես միշտ առաջնորդվել եմ ժողովրդի շահով և մեր երկրի բարօրությամբ: Այս պահին էլ ինձ համար առաջնայինը դա է: Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն իմ անցած ուղին և իմ կատարած աշխատանքները:
Հորդոր-խնդրանք բոլորիդ` զերծ մնացեք անհիմն հերյուրանքներին և մեղադրանքներին հավատալուց, Մեղրաշեն համայնքի ազգաբնակչությունը միշտ էլ ազատ է եղել իր ընտրության, ազատ կամքի դրսևորման հարցում:
Խաղաղություն և բարօրություն մեր երկրին:
Մեղրաշեն համայնքի ղեկավար` Հունան Պետրոսյան»:
Նշենք, որ Հունան Պետրոսյանը 1996 թվականից զբաղեցնում է Մեղրաշենի համայնքապետի պաշտոնը։ Նա նախկինում անդամակցում էր ՕԵԿ-ին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ