Առցանց հարթակում երեկ տարածվեցին ՏԻՄ մարմինների պաշտոնյաների հետ հեռախոսային խոսակցության ձայնագրություններ, որոնցում պաշտոնյային զանգահարած անձը ներկայանում է իբրեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ու հետաքրքրվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի մեկին հայտարարած հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց տեղափոխման խնդիր կա՞, տրանսպորտի հարց պե՞տք է լուծել։ Զրուցակիցներն էլ պատասխանում են, թե ինչ են արել այդ ուղղությամբ։ Նրանցից մեկը՝ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանն ասում է. «Պրինցիպի ես տրանսպորտի պահով շատ բան չեմ արել, հիմնականում մարդկանց ասել եմ իրենց մեքենաներով գան, որ հետո պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսները լցրին բերին զոռով։ Էդպես ասել եմ ինչքան կարաք շատ ավտոներով ու հետներդ մարդ բերեք։ Իսկ մնացածին ասել եմ հավաքվեն հրապարակում, հարցերը սաղ լուծված ա»։ Ձայնագրության առնչությամբ Aravot.am-ը զրուցել է Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի հետ․
-Պարոն Պետրոսյան, ձայնագրության առնչությամբ որեւէ պարզաբանում ունե՞ք։
-Այդ խոսակցությունում նման խնդիր չկա։ Նախ, խոսակցությունը կիսատ է։ Երկրորդ, ես որպես մեր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ (դա իմ աշխատանքի հետ բացարձակ կապ չունի) որոշակի կազմակերպչական աշխատանքներ եմ անում, բայց մարդկանց զոռով տանել, վարչական լծակ կիրառել, չգիտեմ ինչ․․․ուղղակի մարդիկ դիմել են ինձ, ցանկություն հայտնել հանրահավաքին գնալու, ասել, որ հնարավորություն չունեն, եւ այդ առումով ես մարդկանց կարող եմ ասել, որ այսինչ ընկերս գնալու է, եւ մեքենայում տեղ կա։ Ուստի ես խնդիր չեմ տեսնում։
Կարդացեք նաև
-Ասացիք, որ կիսատ է ձայնագրությունը։ Չհրապարակված հատվածո՞ւմ ինչ եք զրուցել։
-Էլի մանրամասներ․ ասել եմ, որ ավտոբուսների կարիք չունենք։ Պարզ ասեմ՝ որ զանգահարողը ներկայացավ մեր կուսակցության գրասենյակի աշխատող, մի քիչ տնավարի ստացվեց խոսակցությունը։ Դա է ողջ խնդիրը, թե չէ մեծ հաշվով արտառոց որեւէ բան չկա, որեւէ հանցավոր գործունեություն չկա։ Զուտ կուսակցական գործունեությունից ելնելով՝ ես իմ կազմակերպչական աշխատանքն եմ արել, որեւէ մեկին չեմ պարտադրել։ Եթե մեր համայնքում կգտնեք մեկին, ով կասի, թե իրեն զոռով են բերել կամ ստիպել են, այդ դեպքում ես ներողություն կխնդրեմ ողջ համայնքից եւ հրաժարականի դիմում կներկայացնեմ։ Չեք գտնի նման մեկին։
-Կարելի՞ է իմանալ՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ այս առիթով զրուցե՞լ եք։
-Դեռեւս ոչ, նման խոսակցություն չեմ ունեցել։
-Դուք պնդում եք, որ գործել եք որպես կուսակցական եւ վարչական ռեսուրսի չարաշահում թույլ չե՞ք տվել։
-Բացարձակ։ Եթե «ֆեյսբուքյան» անձնական էջս նայեք, ես կոչ եմ անում եւ հրավեր հղում հանրահավաքի մասնակցելու։ Գրել եմ, որ լինելու եմ Էջմիածնի հրապարակում, որտեղից շարժվելու ենք Հանրապետության հրապարակ, հորդորել եմ միանալ ինձ։
-Ձեր ընդդիմախոսները զգուշացնում են, որ բախումների պատասխանատուն իշխանությունն է լինելու։
-Ի՞նչ բախումների մասին է խոսքը։ Նույն բախումները կանխորոշում էին նախորդ հանրահավաքի ժամանակ։ Ի հեճուկս իրենց՝ չստացվեց։ Մեր կողմից նման դրսեւորում չի լինելու։ Եթե մյուս թեւից փորձողներ կլինեն, թող իրավապահները զբաղվեն դրանով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ