Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժամանակ շատ լավ էլ կոռուպցիա է եղել, օլիգարխները ծնվել են մե՛ր ժամանակ, մեր հովանու ներքո, մեր ծնած օլիգարխներն են այսօր սրան աջակցում». Արա Սահակյան

Մարտ 01,2021 13:11

«Իշխանությունը, առանց մտածելու, շատ արագ ԳՇ-ի հայտարարությունը գնահատեց որպես ռազմական հեղաշրջման փորձ: Խոսվում է այն մասին, որ Սահմանադրության 14 հոդվածը արգելում է զինվորականներին զբաղվել քաղաքականությամբ ու պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն: Չեզոքությունը քաղաքականության մեջ նշանակում է չմիանալ գոյություն ունեցող ճամբարներից որեւէ մեկին»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը:

Նա ասաց, որ ԱԺ-ի իմքայլական պատգամավորները պարապ են, թրեւ են գալիս. «Եթե էքստրիմ են ուզում, թող բարձրանան տանիքներից նետվեն, թող գնան Արագած բարձրանան, ինչի՞ եք ժողովրդին փողոց հանում, ի՞նչ ունեք ասելու, որ չեք կարողացել ասել: Հանրային հեռուստաընկերությունը մի քանի միլիոն լսարանով ձեր ձեռքում է»:

Արա Սահակյանը խոսեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին. «Եկեք փորձենք հասկանալ, թե որտեղից պետք է սկսել: Ես 90-99թթ-ին եղել եմ ԱԺ անդամ եւ 2013-2018թթ-ին եղել եմ դեսպան: 30 տարի առաջ անկախության եւ Ղարաբաղի համար պայքարող սերնդի ամենահամեստ ներկայացուցիչներից մեկն եմ եղել: Մենք պայքարում էինք Ղարաբաղի համար, հետո հասկացանք, որ Ղարաբաղը չենք կարող ձեռք բերել, եթե չունենք ինքնուրույնություն, ինքնիշխանություն: Անկախության համար պայքարը բերեց Ղարաբաղը դեպի մեր կողմ, մենք նվաճեցինք: Հիմա անկախության սերնդի իմ ընկերներին հարցնում եմ՝ իրո՞ք ձեզ համար կոռուպցիայի դեմ պայքարն ավելի բարձր է, քան Ղարաբաղը, քան անկախությունը: Եթե կոռուպցիայի համար այդպես պայքարող էիք, մեր իշխանության ժամանակ ինչո՞ւ չէիք պայքարում: Իրո՞ք օլիգարխների դեմ ուզում էիք պայքարել ու սրա հայտարարած օլիգարխների դեմ պայքա՞րն է ձեզ գրավել: Մեր ժամանակ շատ լավ էլ կոռուպցիա է եղել, օլիգարխները ծնվել են մե՛ր ժամանակ, մեր հովանու ներքո: Մեր ծնած օլիգարխներն են այսօր սրան աջակցում: Դուք հասկանո՞ւմ եք, որ կործանում եք ձեր ամբողջ պատմությունը, ձեր կյանքից կտրում եք 30 տարվա պատմությունը, ոչնչացնում եք ձեզ: Խաբվել եք, ի՞նչ կոռուպցիա: Պետության գլխավոր խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարը չի, քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն է»:

Ըստ Արա Սահակյանի, երկրորդականը, ածանցյալը կարեւորել են՝ հավատալով, որ մի քանի մարդկանց պետք է ունեզրկեն ու բերեն բաժանեն մարդկանց: Ու 90-ականների այդ սերունդը, որը լռում է, հանցակից է:

Արա Սահակյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը ստեղծել է փոքրիկ բռնապետ, որն իր քաղաքական թիմի հետ արդեն ոչինչ չի քննարկում: Կոչ արեց նրանց հավաքվել, իրենց հանրահավաքներն անել, թեկուզ՝ առանձին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031