Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում խորհրդարանն ընդունեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:
Հիմնական զեկուցող, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր սուբյեկտայնությունը պահպանենք, իսկ դրան զուգահեռ պետք է ամեն ինչ լինի օրենքի սահմաններում: Այն մոտեցման կողմնակից եմ, որ մեր արտաքին քաղաքականությունը վարելիս պիտի սերտ համագործակցենք նաև օրենսդիր թևի հետ, հետևաբար հույս ունեմ, որ դուք դրական կարձագանքեք»:
Դավիթ Բաբայանը հայտնեց՝ օրենքի նախագծով արդյունավետ կապ կապահովվի Արցախի միջազգային պայմանագրերի կնքման հարցում առաջացած հարաբերություններում ու շեշտեց. «Կարծում եմ՝ անհրաժեշտ է՝ մենք ունենանք այս փաթեթը, որպեսզի ավելի արդյունավետ կարողանանք իրականացնել և՛ մեր արտաքին քաղաքականությունը, և՛ կարողանանք երկկողմ հարաբերություններ հաստատել տարբեր սուբյեկտների հետ: Ունենք արդեն մի շարք պայմանավորվածություններ՝ չճանաչված և մասնակի ճանաչված երկրների հետ, ունենք տարբեր համագործակցության շրջանակներ: Մեր նպատակն է էլ ավելի ընդլայնել աշխարհագրությունը»:
Հարցին ինչո՞ւ օրենքով սահմանված կարգավորումներով վավերացված փաստաթղթերը ՌԴ-ում չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ չճանաչված պետություն ենք, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Այս հարցն ավելի շուտ քաղաքական է, բայց ես կարծում եմ՝ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ և կարողանանք գոնե ոչ հրապարակային ձևով հասնել ինչ-որ արդյունքների: Այս ուղղությամբ մենք աշխատելու ենք, խնդրում, հորդորում եմ, որ հնարավորինս էմոցիաներին չտրվենք, յուրաքանչյուրիս լինենք դիվանագետ, յուրաքանչյուր խոսք, հայտարարություն կարող է մեր աշխատանքին վնասել: Չեմ ասում, որ չպետք է որևէ հայտարարություն անենք, բայց համախմբված պիտի լինենք: Եթե կա արտաքին քաղաքական տեսլականի վերաբերյալ հիմնարար դիրքորոշում, անպայման գոնե մենք մեկս մյուսի հետ քննարկենք: ԱԺ-ն և քաղաքական ուժերն ավելի ազատ են և կարող են ավելի համարձակ հայտարարություններ անել, բայց, այնուամենայնիվ, համագործակցությունը երբևիցե վատ բանի չի բերելու»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ