Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի ՝ որպես էլեկտրաէներգիայի տարածաշրջանային մատակարարի դերը»․ Արա Մարջանյան

Մարտ 01,2021 12:10

2021 թ․ Հայաստանը նշում է ատոմային ոլորտի 55-ամյակը․ 1966 թ. սեպտեմբերի 17-ին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը: Հենց այս իրադարձությունն էլ դարձավ երկրի ատոմային պատմության սկիզբը:

ՄԱԿ-ի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը կարծում է, որ ատոմային ոլորտը՝ երկրի տնտեսական զարգացման, էներգետիկական անվտանգության և տնտեսության էներգաարդյունավետության բանալին է:

Հայկական ԱԷԿ-ը արտադրում է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ մեկ երրորդը: 2019 թ-ին ԱԷԿ-ը արտադրել է շուրջ 2 միլիարդ կվտ / ժամ ՝ տարեկան 6 միլիարդ ընդհանուր արտադրանքով: Ըստ անցյալ տարվա տվյալների, առաջին 9 ամիսներին ԱԷԿ-ը արտադրել է մոտ 1,75 միլիարդ կվտ / ժամ:

«Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որտեղ արտադրող հզորությունների ավելցուկ կա, և այն ունակ է էլեկտրաէներգիա արտադրել և արտահանել հարևան բոլոր երկրներ: 2009 թվականին դիտարկվում էր տարեկան շուրջ 1,5 միլիարդ կվտ / ժամ էլեկտրաէներգիա չափազանց գրավիչ գներով արտահանելու հնարավորությունը, ի հավելումն Իրան մատակարարվող 1,5 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի: Բայց, ցավոք, այդ նախագիծը այն ժամանակ չիրականացավ: Ապագայի տեսանկյունից անհրաժեշտ է վերանայել տարածաշրջանից Հայաստանի էներգիայի և տրանսպորտային մեկուսացման քաղաքականությունը և վերականգնել Հայաստանի ՝ որպես էլեկտրաէներգիայի տարածաշրջանային մատակարարի դերը, և ուզում եմ հիշեցնել, որ ԽՍՀՄ գոյության վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը յուրահատուկ էներգետիկ հանգույց էր ամբողջ Հարավային Կովկասի համար», – ասաց փորձագետը:

2021 թ-ի հունվարի 14-ին կառավարությունը ընդունեց Հայաստանում էներգետիկայի զարգացման ռազմավարությունը: Այս ռազմավարության 3-րդ կետում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացումը մինչև 2040թ, նշվում է, որ Հայաստանն իր արտադրական հզորություններում պետք է ունենա ատոմային բաղադրիչ: Այսպիսով, 2026 թ-ից հետո ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման խնդիրը գերակա խնդիր է, և այն հստակորեն ամրագրված է կառավարության որոշմամբ:

«Ատոմային էներգետիկայի այլընտրանքների բացակայության հարցը շատ կարևոր է Հայաստանի համար, և հասարակության կողմից այնքան էլ հստակ չի գիտակցվում: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և առաջնային էներգետիկ ռեսուրսների մատակարարման հետ կապված իրավիճակը, ոչ մի այլ գեներացիան չի կարող ապահովել էլեկտրական ցանցում բազային ծանրաբեռնվածությունը: Իսկ երաշխավորված հզորության տեսանկյունից վերականգնվող էներգիայի աղբյուրները չեն կարող այլընտրանք լինել ատոմակայաններին, քանի որ դրանք չեն կարող երաշխավորել դրանց արտադրությունը տարվա ընթացքում», – ասում է Արա Մարջանյանը:

Ինչ վերաբերում է նոր ԱԷԿ-ին, դա նույնպես ռազմավարության պահանջ է: Դրույթներից մեկում ասվում է, որ Հայաստանը պետք է պահպանի իր արտադրական հզորությունների երեք բաղադրիչների կառուցվածքը և պարտադիր պետք է ունենա ատոմային բաղադրիչ: Սա նշանակում է, որ վաղ թե ուշ Հայաստանը պետք է սկսի կառուցել նոր ատոմակայան կամ նոր բլոկ հին ատոմակայանի հարթակում:

«Ձեռնարկված քայլերը, ցավոք, այնքան էլ ինտենսիվ չեն: Մոտ 7 տարի առաջ Հայաստանը փորձեց հրավիրել ներդրողների համաշխարհային համագումար` Հայաստանում նոր էլեկտրակայան կառուցելու համար: Դժբախտաբար, այդ ժամանակ Ֆուկուսիմա ատոմակայանում վթար տեղի ունեցավ, և դրանից հետո ներդրողների ակնհայտ հետաքրքրության բացակայության պատճառով խափանվեց Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը: Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատալ, որ այդ հարցը փակված չէ, և որոշակի քայլեր են ձեռնարկվում նոր ատոմակայանի հնարավոր կառուցման համար, առաջին հերթին` հայ մասնագետների համար արդեն հայտնի ռուսական ВВЭР տիպի ռեակտորների հիման վրա: Սրանք շատ հուսալի և հեռանկարային ագրեգատներ են»:

***
Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակ

2021թ. Հայաստանում նշվում է ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966թ սեպտեմբերի 17-ը դարձավ ատոմային ճյուղի պատմության ելակետը՝ Հայաստանի ԽՍՀ Կառավարության նախաձեռնությամբ ԽՍՀՄ Նախարարների Խորուրդը Հայաստանում առաջին ատոմակայան կառուցելու որոշում ընդունեց։ Նորմատիվային ամբողջ բազան ստեղծվում էր «զրոյից»։ Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագործների ունիկալ տեխնոլոգիական լուծում էր։

Սա առաջին կայանն էր բարձր սեյսմիկությամբ տարածաշրջանների համար։ Դրա օրինակով են այսօր կառուցվում կայանները աշխարհի բարձր սեյսմիկ շրջաններում։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ երկրորդը՝ 1980թ․ հունվարի 5-ին։ Այսօր ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է շնորհիվ երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ինստիտուտի,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և այլ։

Ատոմային ոլորտը չի սահմանափակվում էներգետիկայով և թույլ է տվել կիրառել տեխնոլոգիաներն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բժշկությունը, գյուղատնտեսությունը, տիեզերքը։ Մասնավորապես, Հայաստանում ակտիվ զարգանում է միջուկային բժշկությունը․ վերջին մի քանի տարիներին երկրում սկվեց իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ անցկացվեց պոզիտրոնաէմիսսիոն տոմոգրաֆիան։ Այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում Ա․Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիան (ԵրՖԻ), Վ․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնը, Ռոդիոակտիվ իզոտոպերի կենտրոնը, Միջուկային բժշկության կենտրոնը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031