Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի գործողությունները ոչ միայն համապատասխանում են սահմանադրական նորմերի ձևակերպումներին, այլև բխում են սահմանադրության պահպանմանը հետևելու նրա գործառույթից. հայտարարություն

Մարտ 01,2021 11:36

ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԳՇ ՊԵՏԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿԸ ՉՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագահի կողմից Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկը (հրամանագիրը) չստորագրելը և այն առարկություններով Վարչապետին վերադարձնելը՝ որպես ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում որակելը և այդ հիմքով Նախագահին պաշտոնանկության հնարավորությամբ «սպառնալը» վկայում է սահմանադրականության նկատմամբ քաղաքական իշխանության համակարգային նիհիլիզմի (ժխտողականության) էլ ավելի խորացման և պետականապահպանությանը սպառնացող վտանգների հասնող մասշտաբների ընդլայնման մասին։

Նույնիսկ իրավագետների շրջանակներում բանավեճեր չառաջացնող պարզ սահմանադրական կարգավորումները որոշ քաղաքացիական ինստիտուտների կողմից ձևախեղելը վկայում է իրավական հարցերի նկատմամբ վերջիններիս ընտրողական կամ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին։

Ստիպված ենք պարզաբանելու, որ ՀՀ Սահմանադրության 133-րդ և 139-րդ հոդվածների՝ նույնիսկ մեխանիկական համադրման պարագայում հստակ է, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետի առաջարկը ստանալու, այսինքն՝ անհրաժեշտ իրավաբանական փաստի առկայության դեպքում Նախագահն ունի այլընտրանքային հայեցողական սահմանադրական լիազորություններից որևէ մեկը գործադրելու պարտականություն՝ ազատել Գլխավոր շտաբի պետին կամ առաջարկը առարկություններով վերադարձնել Վարչապետին։

Այսպիսով, Նախագահի 27․02․2021թ․ գործողությունները ոչ միայն համապատասխանում են սահմանադրական նորմերի տառացի ձևակերպումներին, այլև անմիջապես բխում են սահմանադրության պահպանմանը հետևելու Նախագահի սահմանադրական գործառույթից։

Իրավական պետության սահմանադրական սկզբունքը պահանջում է, որ Գլխավոր շտաբի պետին (այն քաղաքական կամ վարչական պաշտոն չէ) պաշտոնից ազատելու մասին Վարչապետի առաջարկը և Նախագահի առարկությունը լինեն պատշաճ պատճառաբանված։ Սույն դեպքում Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին Վարչապետի առաջարկը չի եղել պատճառաբանված։

Հուսով ենք՝ հետագա սահմանադրական գործընթացում Նախագահի՝ Գլխավոր շտաբի պետին ազատելու հարցում Վարչապետի հետ չհամաձայնվելու իրավական հիմնավորումները կլինեն առավել համապարփակ։

 Ա. Ղամբարյան, Թ.Շաքարյան

«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031