Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեղափոխությամբ հայ հանրությունը վճռականորեն որոշեց, որ Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու. Տիգրան Ավինյանի ուղերձը Մարտի 1-ի կապակցությամբ

Մարտ 01,2021 11:05

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Մարտի 1-ի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,
13 տարի առաջ մեր պետությունն ու հասարակությունն ուժեղ ցնցման ենթարկվեցին, երբ ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող հայրենակիցների բողոքը հանդիպեց դիմահար արձակված կրակոցին: Այդ օրից ի վեր՝ մեր իրականությունը մտավ խուլ լարվածության շրջափուլի մեջ, երբ նեղ կլանային ու անձնական շահերով պայմանավորված՝ մի խումբ մարդիկ որոշեցին, որ իշխանությունը պատկանում է իրենց և, առանց միջոցների մեջ խտրություն դնելու, այն հափշտակեցին ժողովրդից: Այդպես պետությունն օտարվեց ժողովրդից, քաղաքացին սեփական մաշկի վրա զգաց, որ իր բացարձակ ու անձեռնմխելի՝ կյանքի իրավունքը պետության կողմից ոչ միայն չի պաշտպանվում, այլև ենթակա է նրա ուղիղ ոտնձգությանը:

Այդ անարդարությունը շտկելու, իշխանությունն իր տիրոջը՝ ժողովրդին վերադարձնելու պատճառն էլ ընկավ 2018թ. հեղափոխության հիմքում, երբ հանրությունը հրաժարվեց ենթարկվել բռնատիրության, պետության օտարման և անձնիշխանության պարտադրանքին: Հեղափոխությամբ հայ հանրությունը վճռականորեն որոշեց, որ Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու, անզեն ու իր բողոքը խաղաղ արտահայտող քաղաքացին սեփական մայրաքաղաքում չի գնդակահարվելու և ամենակարևորը՝ իշխանությունը չի պատկանելու մի խումբ անձանց, չի փոխանցվելու կուլիսային պայմանավորվածություններով, չի որոշվելու ժողովրդից գաղտնի ու նեղ կլանային շահերով:

Այսօր, օգտվելով հանրության հուզական վիճակից, Հայաստանի ժողովրդավարությունը խաթարելու, ժողովրդի իշխանության սահմանադրական և իրավական ընթացակարգերը շրջանցելու, մարդկանց ազատ կամքը հաղթահարելու միջոցով քաղաքական հարցեր լուծելու փորձեր են արվում: Դրանք, սակայն, լիովին դատապարտված են ձախողման, որովհետև 2008թ. մարտի 1-ի հավերժ հիշողությամբ և 2018թ. հեղափոխության երաշխիքով Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է բացառապես հանրության ազատ կամարտահայտությամբ և սահմանադրական ճանապարհով՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031