Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը օրերս խիստ մտահոգիչ բացահայտում արեց այն մասին, որ Քարվաճառի աղբյուրները գաղտնի հանձնվել են Ադրբեջանին, ինչը Հայաստանի համար ջրային անվտանգության առումով ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ:
«Քարվաճառի ջրհավաք ավազանի խնդիրը նոր խնդիր չէ: Այդ խնդիրների առաջ մենք կանգնել ենք դեռեւս խորհրդային տարիներին: Դա Հայաստանի Հանրապետությունից, շեշտում եմ՝ Հայաստանի Հանրապետությունից, այլ ոչ Արցախից կամ ԼՂԻՄ-ից, խորհրդային տարիներին արհեստական, ոչ օրինական կերպով կտրված եւ օգտագործման նպատակով Ադրբեջանին հանձնված մոտ 260 քկմ. տարածք է: Այդ տարածքը երբեւէ չի եղել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ, երբեւէ չի եղել Խորհրդային Ադրբեջանի վարչատարածքային բաժանման սահմաններում: Այն միշտ եղել է Խորհրդային Հայաստանի տարածք: Բայց անցած դարի 30-ականներից հետո օգտագործման համար, քանի որ Քարվաճառի այդ հատվածը պայմանականորեն կոչեցին Կարմիր Քուրդիստան, միտումնավոր կերպով այնտեղ, որտեղ բնակչություն էլ չի եղել, տեղավորեցին քուրդ հովիվներին, որպեսզի կարողանան զբաղվել անասնաբուծությամբ:
Մի բան է ընդհանուր միութենական հանրապետությունների մեջ տարածքը տալ Ադրբեջանին, ինչպես արվեց, օրինակ, Արցախի պարագայում, այլ բան է Հայաստանի Հանրապետությունից իքս հատված վերցնել եւ օգտագործման նպատակներով տրամադրել Ադրբեջանին: ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ բնականաբար, այս հատվածը եւս ազատագրվեց, արդեն Հայաստանի Հանրապետությունն էր տնօրինում»,- ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը եւ անդրադարձավ վերոնշյալ հայկական տարածքի՝ Հայաստանի եւ Արցախի համար կենսական անվտանգային նշանակություն ունեցող ջրային ռեսուրսների խնդրին:
«Քարվաճառի ջրահավաք ավազանից են սկիզբ առնում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խմելու եւ ոռոգման ջրային պաշարների, կարելի է ասել, 80 %-ից ավելին: Չորս խոշոր գետեր են սկիզբ առնում. Արփա եւ Որոտան գետերը՝ դեպի Հայաստանի Հանրապետության կողմ, Խաչեն եւ Թարթառ գետերը՝ դեպի Արցախի Հանրապետության կողմ: Այդ հատվածից են սնվում Արցախի 24 ջրամբարներից, առնվազն 21-ը: Մեզ մնացել է ընդամենը 2-ը, որոնցից մեկը Սարսանգի ջրամբարն է: Բայց այնուամենայնիվ, Արցախը գրեթե 100 տոկոսով, Հայաստանը՝ 60 տոկոսով սնվում են այդ փոքրիկ՝ գրեթե Երեւանի չափ փոքրիկ տարածքից: Այստեղից են սկիզբ առնում նաեւ հազարավոր աղբյուրներ:
Կարդացեք նաև
Արցախյան վերջին պատերազմից հետո այդ հատվածը մեր վերահսկողության ներքո էր: Հայաստանի ներկայիս իշխանությունները բազմաթիվ հորդորներից, նամակներից պահանջներից հետո երաշխավորեցին, վստահեցրին, որ այդ հատվածը մնալու է հայկական զորքի վերահսկողության ներքո՝ հաշվի առնելով մեր ջրային անվտանգությունը:
Մինչեւ հունվարի կեսերը այդ տարածքն իսկապես վերահսկել են ՀՀ զինված ուժերը: Բայց մի օր գաղտնի կերպով հրահանգ է տրվել զինված ուժերին պարզապես նահանջել եւ այդ հատվածը հանձնել թշնամուն: Ազգային անվտանգության տեսանկյունից բոլոր մասնագետները եւ փորձագետները դա մեզ համար գնահատում են ողբերգություն, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: Ինչպե՞ս դա իմացանք: Մարդիկ երբ հունվարի 15-ին փորձել են գնալ այդ հատված եւ սեփական աչքով տեսնել, թե տեղում ինչ է կատարվում, պարզվել է, որ ադրբեջանցիները ավելի առաջ են կանգնած եւ ամբողջությամբ վերահսկում են այդ տարածքը: Ընդ որում, ադրբեջանցիներն են ասել, որ այդ տարածքի հանձնումը իրենց տեղի է ունեցել երեք օր առաջ»,- հայտարարեց Նաիրի Հոխիկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ