Լրահոս
Օրվա լրահոսը

37-ամյա Ծատինյանի սպանության գործը բացահայտված չէ

Մարտ 01,2021 13:00

Բերման ենթարկվածի մոտ ակնհայտ վնասվածքներ չեն եղել, բուժօգնության կարիք չի ունեցել, հանձնվել է քննչական բաժին, ապա բաց է թողնվել

2019 թվականի ապրիլի 7-ին ոստիկանները Նոր Նորքի բաժնում ծեծի են ենթարկել 37-ամյա Էդգար Ծատինյանին, թմրամիջոց կրելու մեղադրանք առաջադրելու սպառնալիքով ստիպել են խոստովանել տարեց հարեւանուհու սպանությունը։

Էդգար Ծատինյանի մոտ բերման ենթարկելու ժամանակ թմրամիջոց չի եղել, դա հայտնվել էր նրա մոտ ոստիկանությունում՝ որպես ճնշում գործադրելու միջոց։
Վախենալով քրեական պատասխանատվությունից՝ Է. Ծատինյանը ստիպված կուլ էր տվել թմրամիջոցը, ինչի արդյունքում նրա ինքնազգացողությունը վատացել էր, նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտոն, որտեղ ժամեր անց մահացել էր։

«Առավոտը» անդրադարձել է այս սպանության առանձին հանգամանքներին, զրուցել նրա մոր՝ Լարիսա Եթարյանի հետ, որը հիվանդասենյակում գտնվելու ժամանակ որդու զգուշացումների մասին է լսել. «տար ինձ այստեղից, նրանք ուզում են սպանել ինձ»:

ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Ն. Բարսեղյանը 2020 թվականի հուլիսի 10-ին որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին։

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Մարտիրոսյանը 2020 թվականի օգոստոսի 5-ին որոշմամբ մերժել է տուժողի մոր ներկայացուցիչ՝ ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանի բողոքը։ Այս որոշումները բողոքարկել է Ա. Զալյանը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ մերժել էր բողոքը։

2021 թվականի հունվարի 14-ին տուժողի իրավահաջորդ Լարիսա Եթարյանի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան։

Ըստ նրա բողոքի՝ գործի նախաքննության ընթացքում խախտվել են ոչ միայն ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը, այլ նաեւ ՀՀ վավերացրած՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան, որոնք հստակ արձանագրում են՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, իսկ երբ անձը փաստարկելի պնդում է ներկայացրել այն մասին, որ ոստիկանները կամ պետության այլ ներկայացուցիչներն իր նկատմամբ ծանր վատ վերաբերմունք են ցուցաբերել, պետությունը պարտավոր է իր իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովել արդյունավետ պաշտոնական քննություն:

Ըստ բողոքի, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերված անձանց հաշվառման մատյանում արձանագրված է, որ բերման ենթարկված Է. Ծատինյանի մոտ ակնհայտ վնասվածքներ չեն եղել, բուժօգնության կարիք չի ունեցել, հանձնվել է քննչական բաժին, ապա բաց է թողնվել. «Մինչդեռ քրեական գործի նյութերը զննելու մասին արձանագրությամբ նշվում է. Է. Ծատինյանն ինքնազգացողության վատացման պատճառով ոստիկանության Նոր Նորքի բաժին հրավիրված շտապօգնության բրիգադով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների համաձայն՝ դատարանի դիմացից անձանց բռնելու գործողությունն իրականացվել է 2019 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, սակայն անձանց՝ ոստիկանություն բերման ենթարկելու մասին արձանագրությունում նշվել է ժամը 18:05-ը»։ Իրավապաշտպան գրասենյակի փաստաբանը տեղեկացել էր ոստիկանության աշխատակիցների ցուցմունքերին, մասնավորապես. «ոստիկաններն իրենց ցուցմունքներում նշել են, որ բերման ենթարկելու մասին արձանագրության մեջ նշել են արձանագրություն կազմելու ժամը, քանի որ բերման ենթարկելու ստույգ ժամը չեն հիշել՝ պայմանավորելով դա բաժնի լարված աշխատանքով։ Բացի դրանից՝  Է. Ծատինյանին եւ Ա. Այվազյանին բերման ենթարկելու մասին արձանագրությունները կազմելու մասնակից նշված է նույն ոստիկանը, եւ չպարզաբանված է մնում հետեւյալ հանգամանքը. եթե երկու արձանագրություններում բերման ենթարկելու ժամը նշվել է արձանագրությունը կազմելու ժամը, ապա ինչպես է ստացվում, որ նույն անձը միաժամանակ մասնակցել է երկու տարբեր արձանագրությունների կազմման գործընթացին»։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ուշադրություն էր հրավիրել ապացույցներից՝ տեսագրությունների անհետացմանը:

Պարզվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում առգրավել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների հիշողության սարքը, սակայն այն չի հանդիսանում թվային տեսագրիչ եւ չունի տեսագրություններ պահպանելու հնարավորություն. «Սարքավորումը նախատեսված չի եղել եւ չի ունեցել տեսագրություններ պահպանելու հնարավորություն, ուստի՝ տեսաձայնագրային ոլորտի հարցերի պարզումը թողնվել է անկատար»։

Փորձաքննության է ուղարկվել ոչ թե առգրավված սարքը, այլ «անալոգային տեսաազդանշանների միավորիչ հանդիսացող ինչ-որ սարք», ինչի մասին ըստ Ա. Զալյանի բողոքի, իմացվել է 8 ամիս անց, երբ վաղուց ջնջված են եղել իրական սարքի մեջ գտնվող տեսագրությունները։

Բողոքում անդրադարձ կա նաեւ վկաներին: Ա. Համբարձումյանի ցուցմունքների համաձայն՝ նա հիվանդանոցում չի տեսակցել Էդգարին եւ չի մասնակցել մտերիմ ընկերոջ թաղմանը՝ պատճառաբանելով վատ ինքնազգացողությունը: Մինչդեռ Էդգարի մայրը՝ Լ. Եթարյանն ասել էր, որ որդին պատմել է՝ բաժնում գտնվելու ժամանակ լսել է Ա. Համբարձումյանի եւ Ա. Մեթխանյանի ձայները, ում նույնպես ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել:

Սակայն հետագայում հրաժարվել են։

Նախաքննական մարմինը գնահատական չի տվել նաեւ ԱԱԾ-ից ստացված գրությանը. ԱԱԾ տնօրենի տեղակալի հուլիսի 10-ի գրության համաձայն՝ բերման ենթարկելու ժամանակ բերման ենթարկվածների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի է ունեցել հրմշտոց։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031