Լոռու մարզի Հարթագյուղում է ծնվել մերօրյա հերոս Տիգրան Հարությունյանը։ Տաղանդավոր էր` բազմակողմանի, սակայն ամենաշատը սիրում էր գրել ու հաճախ էլ գրածն էր երգում։ Նրա ճախրանքն անավարտ մնաց ե՛ւ երգարվեստում, ե՛ւ ստեղծագործ կյանքում։
Սակայն իր կարճ, բայց հաստատուն կենսագրությունում տեղ է գտնում այս երկու բառը եւս` զինվոր-հեղինակ։
Տիգրանի զոհվելուց որոշ ժամանակ հետո «Արմավ» հրատարակչությունը հրատարակեց զինվոր-հեղինակի գիրքը` «Սեւ արագիլ» վերնագրով։ Ինչքան մթություն ու ցավ կա սեւ բառի մեջ, սակայն գիրքը բացելուն պես Տիգրանի տողը լույս է սփռում` ապրելու հրամայականով։
Գիրքը մի քանի մասից է կազմված։ Բանաստեղծություններ են, «Սեւ արագիլ» վիպակն ու երգեր։
Կարդացեք նաև
«Գրքում ներառված բանաստեղծություններն աչքի են ընկնում քնարական շնչով, պատկերակառուցման ու ոճավորման ուրույն հղացքներով եւ պետք է ասել, որ գրական բարձր ճաշակ ուներ Տիգրան Հարությունյանը: Այդ բանաստեղծություններից մի մասը երգերի ձեւով կատարվել են նրա կողմից, այսինքն՝ Տիգրանը բանաստեղծությանն էր վերադարձնում մեղեդայնությունը, որը վերջին տարիների պոեզիայից ամեն գնով փորձում են դուրս մղել: Հետաքրքիր ապրումներ ուներ եւ կարողանում էր այդ ապրումները խտացնել ու բառային բանաձեւումներով փոխանցել ընթերցողին»,-ասում է գրականագետ Արմեն Ավանեսյանը։
«Սեւ արագիլ» վիպակն իր հետաքրքրությամբ է առանձնանում։ Խմբագիրն ասում է` իր տարիքի համար անսովոր փիլիսոփայական հարուստ հենքով ստեղծագործություն է հեղինակել գրողը:
«Նախ պետք է նշել, որ արդեն իսկ նոր մտածողություն էր բերում Տիգրանը հայ գրականության մեջ եւ կարելի է ասել՝ ստեղծել է հոգեբանական թրիլլեր, ինչը աննախադեպ է: Երիտասարդ գլխավոր հերոսը իր տեղը չի գտնում արատավոր իրականության մեջ եւ անընդհատ դիմառնության մեջ է: Սա աբսուրդի փիլիսոփայության՝ համընդհանուրին դեմ գնալու խորհուրդն ունի իր մեջ: Մյուս կողմից հյուսվում է երիտասարդի սիրային պատմությունը»,-ավելացնում է Արմեն Ավանեսյանը։
Արմեն Ավանեսյանը վստահեցնում է, որ ներքին պատգամներ ունի Տիգրան Հարությունյանը, մնում է ամեն ոք գտնի ու վերծանի այդ պատգամները եւ ինքն իրեն պատասխանի Տիգրանի առաջ քաշած խոհաբանությանը:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.02.2021