Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նրանք սպառնում են վարչապետին»

Մարտ 01,2021 13:30

ԶՈՒ գլխավոր շտաբն օրերս հայտարարությամբ պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։ «Հայրենիքի փրկության շարժումն» էլ նստացույցերով շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան։ Իրավիճակի մասին «Առավոտ»-ը զրուցել է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Հակոբ Ասլանյանի հետ։

– Պարոն Ասլանյան, ընդդիմախոսները վարչապետին մեղադրում են ԳՇ հայտարարությունը մանիպուլացնելու եւ այդ կերպ իր օգտին ժողովրդի աջակցությունը կորզելու մեջ։ Դուք ի՞նչ բնորոշում եք տալիս դրան։

– Միանշանակ, դա ռազմական հեղաշրջման փորձ էր, որովհետեւ այն րոպեից սկսած, երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա արդեն ռազմական փորձ է։ Բանակը երբեք չպետք է խառնվի քաղաքական կյանքին։ Բանակն իրավունք չունի պահանջելու։ Վարչապետին երկրի իշխանությունը տվել է ժողովուրդը եւ ժողովուրդն ունի իրավունք՝ նրանից պահանջելու, միայն ժողովուրդը, որը դա իրականացնում է երկու ձեւով՝ հանրաքվեով կամ ընտրություններով։ Բարի եղեք գնալ հանրաքվեի, եթե ուզում եք, կամ ընտրությունների։ Ասեմ, թե ինչու են իրենք (նկատի ունի՝ ընդդիմադիրներին.-խմբ.) շատ շտապում։ Իմ վերլուծությամբ՝ այսօրվա իրավիճակում քաղաքական դաշտում սկսում է ձեւավորվել երրորդ ուժը, որը դեմ է իրենց եւ կողմ չէ նաեւ իշխանություններին։ Դա նոր ձեւավորվող կուսակցություններն են, որոնք փորձելու են միավորել այն ուժերին, որոնք դեմ են հներին եւ այնքան էլ չեն ընդունում նորերին։ Այս ուժը հանգիստ ընդունվելու է ժողովրդի կողմից։ Հիմա դա զգում են իրենք։ Գիտեն, որ եթե հիմա գնան ընտրությունների, չեն կարողանա մտնել խորհրդարան։ Հետեւաբար, մնում է մեկ ճանապարհ՝ զավթել իշխանությունը, որպեսզի թույլ չտան իրենց դավաճանությունների պարզաբանումը, որպեսզի պահպանեն իրենց թալանածը, որպեսզի թալանելու նոր հնարավորություն ունենան։ Ընտրություններ լինելու դեպքում ժողովուրդը նրանց ձայն չի տա։

– Ձեր ընդդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանն, օրինակ, ասում է, որ ԳՇ հայտարարությունը չի կարող լինել ռազմական հեղաշրջման փորձ, որովհետեւ այդ դեպքում զինված ուժերը քաղաքացիական իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, քաղաքացիական իշխանության ղեկավարներին էլ՝ կալանավորում ու զորքեր հանում փողոցներ։ Այսօր նման իրավիճակ չունենք։

– Սպառնում են, նրանք սպառնում են վարչապետին՝ ժողովրդի կողմից ընտրված վարչապետին ասում են, որ եթե հրաժարական չտա, ուժով կհեռացնեն։

– Բայց ԳՇ հայտարարությունում նման բան չկա, գուցե նկատի ունեք Վազգեն Մանուկյանի՞ն, որը կողմ է ապստամբելուն եւ շենք-շինություններ զավթելուն։

– Ոչ, գլխավոր շտաբը չհայտարարե՞ց, որ վարչապետը պետք է հեռանա, որովհետեւ իրենք այդպես են ուզում, եթե չհեռանա՝ ուժով կհեռացնեն…

– Անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե բանակի հաշվին հարստացած իշխանությունը դեռ ունի ՀՀ ԶՈՒ-ում մի քանի կամակատարներ։ Դուք համաձա՞յն եք այս որակման հետ։

– Ես անուններ չեմ ուզում տալ, բայց այն, որ բանակը դեռ ձեր ասած վիճակում է, որոշակիորեն դա կա։ Ի՞նչ է նշանակում՝ եթե ոստիկանությունը փորձի իր ձեւով կարգուկանոն հաստատել, ապա զորք կմտնի մայրաքաղաք։ Ինչ-որ գեներալ էր դա ասում։ Այսինքն, նրանք սպառնում են բանակն օգտագործելով։ Բանակը եւ ուժային կառույցները բացարձակապես իրավունք չունեն խառնվելու երկրի քաղաքական կյանքին։ Երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Միայն ժողովուրդն իրավունք ունի փոխելու իշխանությունը։

Ժողովուրդը դեռեւս չի ուզում, որ գան նրանք, ովքեր մի քանի տարի առաջ թալանում էին իրենց, վախեցնում, սպանում, երկրից ստիպում արտագաղթել, կպնում էին մարդու արժանապատվությանը, թույլ չէին տալիս, որ քաղաքացին երկրի տերը զգա իրեն։ Ժողովուրդը չի մոռացել եւ չի մոռանալու այդ չարիքները։ Շատերը մի բան են մտածում՝ ինչ ուզում է լինի, սրանք չպետք է գան։ Մարդիկ տեսել են, թե մի խոսքի համար ինչպես են մարդուն զուգարանում սպանում, թե ինչպես են փոքրիկ բանի համար մարդուն դռան առաջ սպանում, ինչպես են գիշերը մարդուն գալիս-տանում, եւ նա չի վերադառնում, թե ինչպես են ցուցակներով փող բաժանելով՝ ընտրություն անցկացնում։

Հիմա ժողովուրդը խելքի է եկել, գիտի, թե ովքեր են նրանք։ Ինչ ուզում է ասեն, ժողովուրդն իմաստուն է։ Այո, ժողովրդի մեծ մասն այսօր իշխանություններից դժգոհ է, եւ գիտե՞ք ինչից՝ անտեղի թավիշից։ Երբ օրերս Հանրապետության հրապարակում վարչապետն ասաց՝ «վերջ թավիշին», այնպիսի հզոր ձայնային արձագանք եղավ, որովհետեւ բոլորը սպասում են, թե երբ են այս գողերը, միլիարդների տերերը հայտնվելու ճաղերի հետեւում, թե երբ են մարդիկ վերջապես ասելու, որ իշխանությունը կարողացավ նրանց հախից գալ։

Զրուցեց

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031