1987 թվականին Արթիկի կենտրոնում կառուցված թիվ 4 հիմնական դպրոցը, որը գտնվում էր անմիխիթար վիճակում և որը 5 տարի առաջ համառորեն փորձում էին փակել, կարի ֆաբրիկա դարձնել ՝ նվիրելով սփյուռքահայ գործարարներ Վարդան Սրմաքեշին ու Քրիստիան Գելեջիին, շքեղ վերանորոգման է ենթարկվել։
Դպրոցի շենքը, կարելի է ասել, անճանաչելի է դարձել․ փոխվել են պատուհանները, դռները, հատակը, վերոնորոգվել է տանիքը, մարզադահլիճը, միջոցառումների դահլիճը, դասասենյակները, կահավորվել է նոր գրատախտակներով, համակարգիչներով, նստարաններով։
Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանը տեղեկացրեց, որ այն հիմնովին վերանորոգվել է Հայ Կրթական հիմնարկության շնորհիվ։
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկանում ենք Հայ կրթական հիմնարկության ֆեյսբուքյան էջից, հիմնանորոգման ծախսը կազմել է 230,000 դոլար։ 50,000 դոլար նվիրաբերել են Պատրիկ և Ժակլին Բաղդասարյանները։
Ի դեպ, Հայ կրթական հիմնարկությունը հիմնվել է 1950 թվականին ու անզուգական դերակատարություն ունի Հայաստանի, Արցախի ու Ջավախքի կրթական օջախների հիմնանորոգման, զարգացման գործում։ 200-ից ավելի դպրոցներ է վերանորոգել, նաև կրթաթոշակներ է տրամադրում հայ ուսանողներին։
«Վերանորոգումից հետո մեր աշակերտների թիվը կտրուկ ավելացել է։ Լիահույս ենք, որ մեր դպրոցը լինելու է քաղաքի ամենագրավիչ կրթական օջախը՝ թե՛ կրթական բարձր որակով, թե՛ շենքային հարմարավետ, ժամանակակից պայմաններով։ Շուտով կունենանք նաև նախակրթարան․ Հայ կրթական հիմնարկությունը շենքից մի հատված վերանորոգել է այդ նպատակով։
Բարեկեցիկ պայմաններում կրթություն ստանալն ու աշխատելը մեզ անկատար երազանք էր թվում, այսօր իրականություն դարձավ մեր երբեմնի երազանքը, ունենք տաք, լուսավոր, մաքուր դասասենյակներ, իդեալական սանհանգույցներ։ Ստեղծված է կրթական նպաստավոր, ապահով միջավայր»,- ասաց Նունե Գրիգորյանը՝ դպրոցի անձնակազմի, ծնողների ու աշակերտների անունից մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Հայ կրթական հիմնարկութանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Արթիկի թիվ 4 դպրոցի ՖԲ էջից