Լրահոս
Օրվա լրահոսը

Խմորապատ տապակած բանջարեղեն եւ հավ՝ տեմպուրա (տեսանյութ)

Փետրվար 28,2021 22:37

Այս եղանակով կարելի է պատրաստել ինչպես բանջարեղենը, հավը, այնպես էլ՝ ձուկը, ծովամթերքը, անգամ՝ մրգերը:

Տեմպուրան իրենից ներկայացնում է թույլ խմորի մեջ թաթախված մթերք՝ տապակված առատ ձեթի մեջ: Խմորը կարելի է պատրաստել տարբեր ձեւերով, ինչպես ձվով, կաթով, այնպես էլ, եթե վեգանների համար եք պատրաստում՝ միայն հանքային ջրով կամ գարեջրով:

Անհրաժեշտ մթերքները

Բանջարեղեն ձեր ճաշակով՝  թարմ պղպեղ, գազար, բրոկոլի, սունկ, դդմիկ, սմբուկ, սոխ

Հավի կրծքամիս՝ համեմված աղով, պղպեղով, սխտորով կամ սխտորի փոշիով

Բուսական յուղ-1 բաժակ

Կլյարի՝ թույլ խմորի համար

Ալյուր-կես բաժակ

Աղ-1 ճաշի գդալ

Կաթ-3-4 ճաշի գդալ

Ձու-1-2 հատ

Գարեջուր կամ հանքային ջուր- 2-3 ճաշի գդալ

Համեմունքներ- ըստ ձեր ճաշակի

Պատրաստման եղանակը

Բանջարեղենները մաքրել, լավ լվանալ, չորացնել, կտրատել: Խմորի համար նախատեսված չոր մթերքները՝ ալյուրը, աղը, համեմունքները խառնեք իրար: Ավելացրեք հեղուկ մթերքները: Կարող եք ավելացնել ինչպես ձուն, կաթը եւ գարեջուրը կամ հանքային ջուրը, այնպես էլ դրանցից որեւէ մեկը կամ երկուսը: Աշխատեք ստանալ թույլ, նրբաբլիթների համար նախատեսված խմորի պես խմոր:

Բուսական յուղը տաքացրեք: Ձեթը պետք է լավ տաք լինի, սակայն կրակը՝ միջին: Բանջարեղենները թաթախեք խմորի մեջ, եւ փոքր չափաբաժիններով լցրեք ձեթի մեջ:

Մեկ-երկու րոպեն լրիվ բավական է, որպեսզի բանջարեղենները եփվեն: Բոլոր բանջարեղենները եփելուց հետո նույն եղանակով տապակեք նաեւ հավի կտորները: Տապակվելուց հետո բանջարեղենը եւ հավը դրեք թղթե սրբիչների վրա՝ ավելորդ ձեթից ազատվելու համար:

Կարող եք մատուցել ձեր նախընտրած թանձրուկով՝ թայլանդական քաղցրաթթու թանձրուկով, սոյայի թանձրուկով կամ որեւէ այլ տեսակի թանձրուկով:

Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում.

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728