ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը
«2008 թվականի մարտի 1-ին, երբ ես մեծ ընկերության գործադիր տնօրեն էի, լքել էի Հայաստանը, քանի որ հանդգնել էի չենթարկվել քաղաքական ճնշումներին ու ընտրական պրոցեսում չսատարել հակաժողովրդական ուժերին։ Այն մղձավանջը, որի մեջ հայտնվեցինք քաղաքական չեզոքության համար, դժվար է նկարագրել։
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այն բիզնեսմենին, ում առաջ «քերթում էին», իսկ հիմա նրանք չգիտեն, թե ով է հարկայինի պետը, այն գյուղացուն, որին առաջ իրենց գյուղամեջում ստորացնում ու ունեզրկում էին, իսկ այժմ մասշտաբային ֆինանսական օժանդակություններով սեփականությունն են ուժեղացնում, այն պետական ծառայողներին, ում առաջ ստիպում էին միտինգների գնալ, կաշառքներ վերցնել ու տալ վերև, իսկ այժմ պահանջում են միայն բարեխիղճ աշխատանք և ոչ մի քայլ` խղճի դեմ։ Այն առաջադեմ հանրությանը, ով ճնշում է կառավարությանը, որպեսզի կտրուկ աճեն գիտության և կրթության ֆինանսավորումը և դրա հետ հաշվի են նստում պատգամավորները, կառավարության անդամները, այն երեխաներին, ովքեր ապագա ունեն միայն ԱԶԱՏ Հայաստանում, այն տարեցներին, ում բարեկեցությունը, առողջությունը առաջնահերթություն է կառավարության համար, այն մարդկանց, ում ձայնը թանկարժեք է, ոչ թե պարտադրված 10000 դրամ` հինգ տարվա թալանի դիմաց։
Իշխանությունը պատկանում է բոլորին, այլ ոչ թե մի 500 ընտանիքի, ովքեր ուրիշներին կեղեքելով հարստություն են դիզել։
Մեր կառավարությունը շատ սխալներ է անում, բայց դա ժողովրդի իշխանությունն է։ Այն անկաշառ է. որևէ մեկը չի թալանել բիզնեսմենին, քաղաքացուն, չի ստորացրել գյուղացուն, տարեցին, կանանց ու երեխաներին։
Կարդացեք նաև
Այն ԿՓՈԽՎԻ՜ ժողովրդի ընտրությամբ, ու որևէ մեկը չի եղծի մարդկանց քվեն, որևէ մեկը արյուն չի թափի փողոցներում։
Վաղվա հանրահավաքին մասնակցելը ժողովրդի իշխանության անբեկանելիության ակտ է ինձ համար։ Այն ուղղված է բանակի ուժեղացմանը, սպաների ու զինվորների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը, Հայաստանի ազատ, անվտանգ ու պայծառ ապագային։
Խնդրում եմ իմ բոլոր գործարար ընկերներին, իմ բոլոր ընկերներին, գործընկերներին ու ինձ ճանաչող ու չճանաչող բոլոր մարդկանց` իրենց վաղվա մասնակցությամբ չհանդուրժել այդ հնարավորության կորուստը։
Ես Սիրում եմ իմ հայրենիքը»։