Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հայրենակիցները շարունակում են տեր լինել «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսին». Գեղամ Մանուկյան

Փետրվար 28,2021 17:22

Բաղրամյան պողոտայում կայացած հիշատակի եւ հայոց բանակի զորակցության հավաքի ժամանակ ելույթներ ունեցան մի շարք արվեստագետներ: Մասնավորապես Շուշան Պետրոսյանը երգելու ժամանակ եւ ելույթի ավարտից հետո չկարողացավ զսպել հուզմունքը:

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը նշեց, որ մտավորականների մասնակցությամբ հիշատակի եւ հայոց բանակի զորակցության հավաքն ինքնաբուխ է, եւ ժողովուրդը ամոթալի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո ընդվզել է:

«Երբ ձեւավորվեց Հայրենիքի փրկության շարժումը, բազմաթիվ մտավորականներ, ստեղծագործական միություններ, անհատներ, գիտական ու կրթական հաստատություններ, դասախոսներ առաջին շարքերում էին: Նրանք դեմ էին նոյեմբերի 9-ին Հայաստանի անունից ստորագրված փաստաթղթին եւ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Եղան բազմաթիվ ստորագրություններ եւ հայտարարություններ, վերջին 4-5 օրերի ընթացքում Բաղրամյան պողոտան փակ է եղել, եւ բազմաթիվ հայրենակիցներ 24-ժամյա ռեժիմով այստեղ են եղել: Նրանք հայտարարել են, որ հայոց բանակի կողքին են եւ շարունակում են տեր մնալ «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսին: Բազմաթիվ մտավորականներ նաեւ դիմում էին, որովհետեւ ամեն մեկը սրտի խոսքն ունի ասելու, շատերը նաեւ իրենց ստեղծագործություններով, իրենց երգով, բանաստեղծությամբ 25 տարիներին ոգեւորել են հայոց բանակը, ազատամարտիկին, կամավորին: Նույն այս պատերազմի, ավերի ժամանակ այդ երգն է, որ մեր զինվորին ոգի է տվել, ցավը բռունցք է դարձրել, ընկերոջ կորստի ցավը դարձրել է երգ, որով հնարավոր է եղել զսպել տղամարդկային արցունքները»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա մի դեպք պատմեց 1991 թվականից, երբ Նոր Երզնկա գյուղում մասնակցում էին դաշնակցական տղաներից մեկի հուղարկավորությանը, սփյուռքահայ ընկերներից մեկը առաջարկել է գերեզմանում երգել «Վերքերով լի ջանֆիդա եմ» երգը, ինչը սկզբում անակնկալ է եղել, սակայն բառերը լսելուց հետո մարդիկ հասկացել են, որ երգն անտեղի չէ:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ արդեն 130 տարի Դաշնակցությունում ավանդույթ է՝ դաշնակցական նահատակների գերեզմաններին երգել Պետրոս Սերեմեչյանի հիշատակի «Վերքերով լի ջանֆիդա եմ» երգը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728