Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանեցյա՛ն, աթոռ կուզե՞ս, արի Գյումրի, կտանք, բայց ոչ մեր տղաների հաշվին»․ գերիների հարազատների հայտարարությունը

Փետրվար 28,2021 15:35

Շիրակի մարզից գերեվարված կամավորների հարազատներն այսօր մարզպետարանի դահլիճում մամուլի ասուլիս էին հրավիրել՝ պահանջելով ու հորդորելով քաղաքական նպատակների համար չշահարկել տղաների վերադարձի հարցը։

Նրանք նշում էին, որ իրենք չեն պաշտպանում ոչ մի քաղաքական ուժի, չեն կանգնելու նրանցից որևէ մեկի կողքին, պարզապես հորդորում են զերծ մնալ իրենց հայտարարություններում գերիների ու անհետ կորածների անունը օգտագործելուց ու չխոչընդոտել կատարվող աշխատանքներին։ Նրանց միակ նպատակը տղաների շուտափույթ վերադարձն է։

«Մինչև այսօր ունենք գերության մեջ գտնվող 54 տղաներ։ Այսօր քաղաքական ու ոչ քաղաքական ուժերի կողմից շոշափվում է մեր տղաներին գերությունից ազատելու հարցը։ Մենք նրանց հորդորում ենք, իրենք քայլերը չկապեն մեր տղաների հետ։ Եթե կա մի անձնավորություն, որը կկարողանա լումա ներդնել մեր տղաների վերադարձի համար, խնդրում ենք թող կատարեն այդ քայլերը, թող չկանգնեն, խոսեն»,- ասաց հարազատներից մեկը։

Նրանք մասնավորեցրեցին, որ իրենց պահանջը հասցեագրված է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին: Հիշեցնենք, որ վերջինս ուղիղ երկու օր առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, թե իր՝ իշխանության գալու դեպքում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց։

«Այս մի քանի օրվա ընթացքում շահարկումներ եղել են Արթուր Վանեցյանի կողմից, որ ինքը ցանկություն ունի գալ իշխանության, պաշտոնի, այսինքն՝ ունենա լծակներ այդ հնարավորությունը օգտագործելու։ Մենք հորդորում ենք իրեն, ունե՞ս ցանկություն, ունե՞ս հնարավորություն, կատարիր, նոր խոսիր»։

Գերիներից մեկի ծնողն էլ ասաց․ «Արթուր Վանեցյանը կամ պիտի բերի էրեխանց, կամ ինքը ստախոս է, թող ժողովրդին չհավաքի իր կողքը։ Աթոռ կուզե, թող գա Լեննական, մենք իրեն ամեն տեղ աթոռ կուտանք, ոչ թե էրեխանց հաշվին։ Այսօրվա դրությամբ իրենք խանգարեցին ամբողջ գործընթացը, ինչից որ եկել է, զրոյից բարձրացել էր համարյա 70 տոկոս, իրենք նորից դարձրեցին զրո։

Մենք կուզենք, որ ստեղ ներկայանա մեր երկրի պրեզիդենտ Արմեն Սարգսյանը, նաև Արայիկ Հարությունյանն Արցախից, որոնք որ մեր էրեխանց հետ կապ ունեն։ Թող գան Գյումրի, ինչի՞ չեն գա Գյումրի, թե՞ իրենց աթոռն ավելի ձիգ է։ Մեր էրեխեքին թող չդարձնեն քաղաքական դաշտ։

Արմեն Սարգսյան, արի՛ Լեննական, եթե էդքան շատ կմտածես գերիների մասով, մի անգամ գոնե շեշտե՞լ ես գերիների հարցը, կամ Վանեցյան, դու ո՞վ ես, եթե կարող ես երեք օրվա բերես, բեր մի շաբաթվա, մենք դրան էլ ենք համաձայն, քեզի կդարձնենք աստված, եթե կարող ես բերես, ոչ թե ձեր աթոռի համար բռնեք ու չթողնեք ժողովրդին։

Չի կարելի, էրեխեքին դարձրել եք առևտուր։ Փաշինյանը՝ մեր ղեկավարը, թող կանչե, նստցնե, հարցնե ՝ դու կարո՞ղ ես 3 օրվա բերել, մի հատ կոլխոզ չես կարող ղեկավարել։ Կամ էլ պիտի մտածենք, որ իրենց սարքածն էր սա, որ հենց իրենք էլ կարող են հետ բերել, բա էլ ի՞նչ մտածենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728