Հայկական շախմատի լեգենդ, ՖԻԴԵ-ի փետրվար ամսվա վարկանիշային դասակարգման 6-րդ հորիզոնականը զբաղեցնող գրոսմայստեր Լեւոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու մասին սկանդալային հայտարարությունից հետո նրա մարզական կարգավիճակում դեռ փոփոխություն չկա:
Լեւոն Արոնյանը այսօրվա դրությամբ ՖԻԴԵ-ում շարունակում է գրանցված մնալ որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անդամ:
Իսկ ի՞նչ կլինի, եթե Արոնյանը, այնուամենայնիվ, անդամագրվի ԱՄՆ շախմատի ֆեդերացիային: Նախ, մեր ընտրանու ներուժը շոշափելիորեն կընկնի: Ապա այդ դեպքում Հայաստանի ազգային հավաքականում մեկով ավելի թափուր տեղ կառաջանա, որը եւս հարկ է լինելու համալրել:
Այսօր ավարտվում է ՀՀ տղամարդկանց 81-րդ առաջնությունը, եւ Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի ազգային հավաքական: Իսկ թե ինչպես կհամալրվի հավանական երկրորդ թափուր տեղը, տարբեր ուղիներ կարող են լինել: Սակայն մի բան հաստատ է. որոշումը կայացվելու է Հայաստանի շախմատի ֆեդերացիայում: Ճանապարհներից մեկը գուցե այն լինի, որ ֆեդերացիան նիստ հրավիրի եւ կարծիքներ ու առաջարկներ լսի գրոսմայստերներից ու դրանք քննարկման առարկա դարձնի: Անշուշտ, բացառված չեն նաեւ լուծումների այլ տարբերակներ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ