Լրահոս
Օրվա լրահոսը

Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը․ Արմեն Սարգսյան

Փետրվար 28,2021 13:15

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

33 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ:

Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված և իրագործված զանգվածային ջարդերը, կոտորածն եւ բռնությունները, տեղահանումը և ունեզրկումը հանցագործություն էին հայերի նկատմամբ: Դա ադրբեջանական պատասխանն էր պատմական բնօրրանում ազատ ապրելու՝ Արցախի մեր հայրենակիցների կողմից մղվող խաղաղ պայքարին:

«Սումգայիթի» անպատժվածությունը երկու տարի անց հանգեցրեց այլ ողբերգությունների, այս անգամ Բաքվում, ապա՝ Գանձակում, Մարաղայում:

Հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում՝ մասնավորապես Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, սպանությունների ձևով: Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով դեռևս անհայտ է մեր բազմաթիվ հայրենակիցների ճակատագիրը:

Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը, որ տեղի է ունենում արդեն ժամանակակից քաղաքակրթության պայմաններում:

Խոնարհվում եմ ադրբեջանական բռնություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի առջև:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728