Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանային փոփոխությունների շեմին

Փետրվար 28,2021 11:30

Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված փակուղուց, Հայաստան-Վրաստան համատեղ գործակցության տեսլականներն ու ծրագրերը

– Հայաստանում արտառոց իրավիճակ է ստեղծվել. բարիկադի մի կողմում խայտառակ պարտության հասցրած եւ կապիտուլյացիայի ակտ ստորագրած իշխանությունն է, մյուս կողմում` նախկին իշխանավորներ, որոնց վերագրվում է թալան, կոռուպցիա, հասարակության դեգրադացում: Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Արբակ ԽԱՉԱՏՐՅԱՆ
(քաղաքական վերլուծաբան,
«Հայ մտավորականների ֆեդերացիայի» պատվավոր նախագահ)

– Ըստ իս, գլխավորը ոչ թե իրականացված թալանն է, գրպանած գումարը, այլ փերեզակին պատշաճող մտածելակերպն  ու անդառնալիորեն դեգրադացված արժեհամակարգը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աղետ են դարձել երկրի համար՝ հազարավոր մարդկանց աստանդական դարձրած, տուն-տեղից զրկած, հիմնովին ունեզրկած վաշխառուները: Վերջիններիս սանձարձակ պահվածքն ու ձեւավորած անպատժելիության մթնոլորտն էլ նպաստել են ստրկամտության, «երկտակվողների»՝ տերերի առաջ սողացողների միջավայրի ձեւավորմանը, որի պտուղներն այժմ քաղում ենք:

Գիտեք, ԽՍՀՄ օրոք շատ թերություններ կարելի էր գտնել, սակայն գումարի համար երբեւէ մարդուն տանից չէին հանում ու ծծկեր երեխաների հետ փողոց շպրտում։ Հարկ է ընդունել, որ նախկինները հայաստանաբնակների հանդեպ իրենց պահել են վերջին ասպատակի պես, այդ իսկ պատճառով էլ դեռեւս թարմ են նրանց մասին հիշողությունները: 2018-ի իշխանափոխությունն ու ներկայիս՝ ծայրահեղ ծանր պայմաններում անգամ  նրանց վերադարձը մերժող մոտեցումը հենց սրանով է պայմանավորված: Իսկ ներկա՝ պատերազմում կրած դառը պարտությունից հետո կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանությունների համար էլ երկրի ղեկավարման լծակներն ամեն գնով իրենց ձեռքին պահելը դարձել է կյանքի եւ մահվան խնդիր, քանի որ նրանք պետք է պատասխան տան զոհվածների ու անհետ կորածների ընտանիքներին:

Այսօրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել՝ իշխանության ղեկին մնալու համար: Ամենեւին էլ չեմ զարմանա, եթե նրանք, իրենց կյանքը երկարաձգելու համար, ուժային կառույցների ներկայացուցիչներին սկսեն պատկառելի գումարներ բաժանել՝ հարկ եղած դեպքում նրանց հրահանգելով հարձակվել զոհվածների ծնողների վրա: Չեմ բացառում նաեւ Ռուսաստանին դիմելու տարբերակը: Եթե այսպես շարունակվի, կլինեն սպանություններ: Հնարավոր է, որ շուտով ներկա կառավարությունը, ինչպես նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան դիմեն ՌԴ-ին, որպեսզի վերջինս ռուսական զորք մտցնի Հայաստան: Երկիրը սգի մեջ է, իսկ ներկա իշխանությունները շարունակում են մնալ իշխանության ղեկին, քանի որ, նորից եմ կրկնում, նախկիններն ավելի վտանգավոր են դիտարկվում։ Ըստ իս, միակ ուժը, որ այսօր կարող է պահել ներկաներին, ռուսական զորքն է, որն իրականում գալու է քաղաքացիական պատերազմը կանգնեցնելու պատրվակով։ Իսկ եթե սկսվի պատերազմը, դա Կովկասի վերջը կլինի։ Ի՞նչ եք կարծում, ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան, հայ-թուրքական սահմանի վերահսկումը ռուսների կողմից պատահակա՞ն են…

Այսօր այլեւս կատարված փաստ է. էությամբ առեւտրական Թրամփը գալով իշխանության ու գլուխ չհանելով քաղաքականությունից, նպաստեց աշխարհում ստեղծված քաոսին, որից անմասն չմնացին նաեւ մեր տարածաշրջանի երկրները: Քրիստոնեական երկու երկրները հայտնվեցին անկայունության գոտում, ավելին՝ Հայաստանը հայտնվեց առ այսօր նախադեպը չունեցող պատերազմում: Սրա համար ես մեղադրում եմ թե ռուսներին եւ թե ամերիկացիներին: Ցավոք սրտի, հենց ռուսների գործադրած ջանքերի շնորհիվ անգամ իր երկրի ներսում ազդեցություն չունեցող Էրդողանը դարձավ խիստ ագրեսիվ՝ քիթը խոթելով տարածաշրջանի գործերի մեջ: Ու այժմ՝ Թուրքիայի ախորժակը գնալով բացվում է, նա դառնում է ավելի հավակնոտ: Իսկ ինչ վերաբերում է ներկա իրավիճակից դուրս գալու ինձ ուղղված հարցին, ապա այդ մասին մեր տեսլականը առավել մանրամասն կներկայացնի իմ գործընկերը:


Գագիկ ՄԱՆԱՍՅԱՆ
(Հայ մտավորականների ֆեդերացիայի նախագահ)

– Մեր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար «Հայ մտավորականների ֆեդերացիան» առաջարկում է արդարության հիման վրա խարսխված կառավարման նոր մոդել, որը բացառում է խորհրդարանի գոյությունը: Շատերը մեզ հարց են ուղղում, թե ինչպես են պատկերացնում երկիրը առանց խորհրդարանի գործունեության: Հարց ուղղողներին ուզում եմ հակադարձել. մինչ օրս գործած ներկա եւ նախկին գումարումների պատգամավորները ի՞նչ համբավ ունեն հանրության շրջանում, որն է եղել վերջիններիս օգտակար գործողության գործակիցը:

Արդյունավե՞տ է, արդյոք, այն կառույցի գործունեությունը, որը երկար տարիներ սպասարկել է միայն իշխող ռեժիմի շահերը, իսկ Սահմանադրությունն ու օրենքներն էլ գրվել են մեկ անձի՝ երկրի ղեկավարի պատվերով: Մենք առաջարկում ենք խորհրդարանի փոխարեն ստեղծել աշխարհասփյուռ հայերից կազմված Արդարության խորհուրդ, որի անդամները կներկայացնեն Հայաստանում եւ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շահերը եւ կորոշեն ընդունվող օրենքների օրինականությունն ու արդարությունը: Նորից կրկնեմ. ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը կառավարման մոդելի նոր գործարկումն է, որը կնպաստի արդարության սկզբունքով առաջնորդվող ինստիտուտների ընդլայնմանը: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակում մեր ֆեդերացիան խիստ կարեւորում է Վրաստանի մեր գործընկերների հետ գործակցությունը: Քրիստոնյա երկու երկրներին սպառնացող վտանգը հարկադրում է նետված մարտահրավերներին դիմակայել համատեղ ուժերով: Սնամեջ ու պաթետիկ՝ ուռա-հայրենասիրական հայտարարությունների փոխարեն մենք նախընտրում ենք կոնկրետ գործողությունները:

Ալեքսանդր ԳՎԱՐԻՇՎԻԼԻ
(Վրաստանի մտավոր սեփականատերերի ասոցիացիաների վարչության նախագահ)

– Պարոն Գվարիշվիլի, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային այս բարդ իրողությունների պայմաններում Դուք ինչպե՞ս եք տեսնում խոցելի իրավիճակում հայտնված Հայաստանի ու Վրաստանի ապագան: Ի՞նչ կարող է տալ հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը երկու երկրներին` այս իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։

– Հարկ է ընդունել, որ մեր զբաղեցրած աշխարհաքաղաքական տեղը շատ յուրահատուկ է: Չափազանց բարդ հանգույցում գտնվող Հայաստանին եւ Վրաստանին՝ նույնաբովանդակ մարտահրավերներ են ներկայանում: Դա է եղել միշտ, ու այդպիսին էլ մնացել է նաեւ մեր օրերում։ Կարելի է համարել, որ Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեության սահմանային գոտին են, քրիստոնեական աշխարհի վերջին հենարանը, սահմանապահը տարածաշրջանում: Այն համոզմանն եմ, որ ստեղծված իրավիճակում, երբ շատ երկրներ փորձում են միավորվել եւ քաղաքական կառույցներ, միասնական օդային տարածք, միասնական արժույթ ստեղծել, մեր ազգային շահերը պահելու հրամայականն էլ մեզ հարկադրում է մտածել ուժերը մեկտեղելու եւ վտանգներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտության մասին: Եթե մենք՝ քրիստոնեական երկու փոքրիկ պետությունների ներկայացուցիչներս չկարողանանք սա գիտակցել ու միավորվել, ուրեմն դատապարտված ենք։ Առանձին-առանձին մեզ կոչնչացնեն, դա է փրկության միակ ելքը։ Իհարկե, նման միավորումը կունենա նաեւ շատ հակառակորդներ, որովհետեւ դա ոչ մեկին ձեռնտու չէ, մեզանից բացի։

Բայց մենք պետք է հաղթահարենք ամեն տիպի դժվարություններ եւ ոչնչի առաջ կանգ չառնելով ստեղծենք հայ-վրացական միություն, միասնական տնտեսություն, միասնական պաշտպանություն: Նաեւ կարեւոր է, որպեսզի ստեղծված պայմաններում դարավոր բարեկամներն ապրեն առանց սահմանների։

– Ես Ձեզ ճի՞շտ հասկացա, Դուք խոսում եք ոչ միայն հայ-վրացական հոգեւոր, մշակութային կապերի խորացման եւ մշակութային համատեղ կառույցների հիմնման, այլեւ քաղաքական կապերի, իր տեսակի մեջ յուրահատուկ քաղաքական միավորում, համատեղ ուժերով հայ-վրացական քաղաքական համակարգ կամ կոնֆեդերացիա ստեղծելու մասին։

– Այո՛, տեսեք: Եթե կարող է գոյություն ոնենալ Եվրամիությունը, ինչո՞ւ չի կարող գոյություն ունենալ, օրինակ, նմանատիպ մի միություն նաեւ մեր տարածաշրջանում: Ասենք՝ Քրիստոնեական պետությունների կովկասյան միություն, սա որպես օրինակ եմ ասում։ Մենք կարող ենք սկսել հայ-վրացական միությամբ, հետագայում նաեւ ընդլայնվելու հեռանկարով: Բայց նորից եմ ուզում կրկնել. եթե մենք չկարողանանք միավորվել, մեկտեղել մեր ուժերը, մեզ կուլ կտան ու շատ արագ:

Պատրաստեց
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728