Վերջերս համացանցում մի անեկդոտ կարդացի․ «Ձեր ապագա ամուսնու հետ շփվելիս ավելի ուշադիր եղեք՝ գիշերներն արդյո՞ք նա խռմփացնո՞ւմ է, թե ոչ․ չէ՞ որ դա ձեր համատեղ կյանքի հիմնական «սաունդթրեքը» կարող է լինել»։ Կատակը կատակ, բայց խռմփոցն իսկապես տհաճ երևույթ է, որը ոչ միայն կարող է պայմանավորված լինել մարդու անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններով, այլև հուշել մարդու մոտ առկա մի շարք հիվանդությունների մասին։
Խռմփոցը քնած ժամանակ կոկորդի և ըմպանի փափուկ հյուսվածքների՝ յուրահատուկ ձայնով՝ ցածր տոնային դռդռոցով և թրթռոցով ընթացող գործընթաց է, որն ուղեկցում է շնչառությանը։ Բավականին տարածված խնդիր լինելով՝ խռմփոցը ավելի շատ հանդիպում է տղամարդկանց շրջանում, նաև կանանց՝ մոտ 30 տոկոսի և անգամ երեխաների մոտ։
Որո՞նք են խռմփոցի առաջացման հիմնական պատճառները
Դեմքի կառուցվածքը
Ավելի հաճախ գիշերային խռմփոցի պատճառը դեմքի անատոմիական կառուցվածքի անատոմիական առանձնահատկություններն են, ստորին ծնոտի թեթևակի տեղաշարժը, երկարավուն ծնոտը կամ կեռ մեծ քիթը։
Կարդացեք նաև
Քաշի ավելացումը
Քաշի անգամ մի փոքր ավելացումը 8-12 անգամ մեծացնում է խռմփոցի առաջացման վտանգը։ Ճարպային շերտը, ընդգրկելով ըմպանը, նեղացնում է դրա խողովակը։ Քնի ժամանակ թուլանում է քիմքն ու լեզուն, շնչառական ուղիների թաղանթները մոտենում են։ Նեղացած կոկորդի և ըմպանի փափուկ հյուսվածքների թրթռոցի հետևանքով առաջանում է խռմփոց։
Ավելորդ քաշը շնչառական դժվարություններ է հարուցում։ Ուժեղ ճարպակալման դեպքում քնած ժամանակ անգամ շնչառական կանգ կարող է գրանցվել։ Այդ երևույթն անվանում են ապնոէ։
Վահանաձև գեղձի գործառույթի խանգարումները․ հիպոթիրեոզը
Երբ մարդու մոտ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ են զարգանում, զուգահեռ առաջանում է քաշի ավելացում և հյուսվածքների այտուցվածություն։ Դա վերաբերվում է նաև լեզվին, շնչառական ուղիների անցանելիությանը։ Այդ գործոնները մեծացնում են խռմփոցի առաջացման հավանականությունը։
Քթային շնչառության հետ կապված խնդիրները
Խռմփոց և շնչառական կանգ ունեցող մարդկանց մոտավորապես 25 տոկոսի մոտ ախտորոշվել են քթային շնչառության խանգարումներ։ Քնի ժամանակ շնչառության խանգարման պատճառ կարող են լինել խթի խոռոչի բորբոքումները, քթի միջնապատի կորությունը, պոլիպները և այլն։
Նշագեղձերի մեծացումը, այտուցվածությունը
Նշագեղձերը հաճախ մեծանում են բորբոքային գործընթացների հետևանքով՝ առաջացնելով շնչառական դժվարություններ։ Երբեմն դրանք գրեթե իրար են դիպչում՝ շատ նեղ անցք թողնելով, ինչն էլ խռմփոցի առաջացման պատճառ է դառնում։
Ծխախոտը և խմիչքը
Վնասակար սովորությունների պատճառած հաճույքը կարճաժամկետ է, խնդիրները՝ երկարաժամկետ։ Դրանց թվում է խռմփոցը։ Ալկոհոլային խմիչքները, ծխախոտի ծուխը ըմպանի մկանների այտուց և ձևափոխություններ են առաջացնում, ինչը հանգեցնում է կոկորդի սեղմման, ըմպանի փափուկ հյուսվածքների թրթռոցի։ Գիշերային խռմփոցը թեթևացնելու համար հարկավոր է գոնե քնելուց առաջ հրաժարվել ծխախոտից, իսկ վերջինը ծխելուց հետո բերանը ողողել բուսական յուղով։
Վարժություններ, որոնք կօգնեն ազատվել խռմփոցից
Այս վարժությունները մեկ ամիս կանոնավոր կերպով կատարելու դեպքում կարելի է հասնել դրական արդյունքի
1․ Լեզուն դուրս հանել որքան որ հնարավոր է՝ մինչև զգացվի լեզվի հիմքում հյուսվածքների լարվածությունը։ Մի քանի վայրկյան պահել լեզուն այդ դիրքում՝ այդ ընթացքում երկար արձակելով «իիի՜» հնչյունը։ Վարժությունը կրկնել 30 անգամ։ Այդ շարժումներն ամրապնդում են բերանի խոռոչի հյուսվածքները։
2․ Ձեռքով սեղմել կզակը՝ ուժ գործադրելով առաջ ու ետ տանել ստորին ծնոտի մկանները։ Կրկնել վարժությունը 30 անգամ, որը կօգնի զարգացնել ծնոտի շրջանի մկաններն ու մեծացնել շնչառական ուղիների անցանելիությունը։
3. Ատամներով որևէ առարկա պինդ սեղմել և այդպես պահել 3-4 րոպե։ Վարժությունը կատարել քնելուց առաջ։ Այդ վարժության միջոցով մարզվում են քթաըմպանի մկաններն ու ծամող հյուսվածքները, ինչը նպաստում է անձայն քնելուն։
4․ Թեթևակի բացել բերանը և ստորին ծնոտով 10-15 շրջանաձև շարժումներ կատարել ձախից աջ և հակառակը։
5. Թեթևակի սուլոցները ամրացնում են կոկորդի ու քիմքի հյուսվածքները։ Զբոսնելիս փորձեք շնչել՝ թեթևակի սուլելով։ Քայլեք գլուխը բարձր,մեջքն՝ ուղիղ, համաչափ քայլքով։ Երկար ներշնչեք օդը՝ հաշվելով մինչև 7-ը, իսկ արտաշնչելիս ցածր սուլոցներ արձակեք։ Այս վարժությունն օրական կես ժամ կատարելով՝ բավականին լավ արդյունք կստանաք։ Վերջիվերջո, ավելի լավ է սուլել ցերեկը, քան բարձրաձայն խռմփացնել գիշերը։
6.Լեզուն փորձեք կպցնել քիմքին, որքան մեծ լինի լարվածությունը՝ այնքան լավ։ Վարժությունը կրկնեք այնքան, մինչև հոգնածություն զգաք։ Այդ վարժությունն ամրացնում է կոկորդի հյուսվածքները։
7․ Ամեն օր ողողել կոկորդը ծովի աղի լուծույթով։ Ողողելուց հետո փորձեք հեղուկը բերանում «գլգլացնել»։ Հետ տարեք գլուխն ու փչեք օդն այնպես, որ կոկորդում լուծույթը գլգլա։ Ողողումը կրկնեք օրական մի քանի անգամ։
Ծանուցում․ Խռմփացնող մարդիկ ունեն սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Վարժությունները՝ Econet-ի