Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ո՞ր ճանապարհով պետք է գնա Հայաստանը (ծրագրային դրույթներ)

Փետրվար 27,2021 21:53

«Մարդիկ, ովքեր պարծենում էին,

թե հեղափոխություն են իրականացրել,

արդեն իսկ հաջորդ օրը համոզվում էին,

որ չէին իմանում, թե ինչ էին անում,

և որ իրենց կողմից իրականացված

հեղափոխությունն ամենևին նման չէ

նրան, ինչ ցանկանում էին»:

 Ֆրիդրիխ Էնգելս (1885)

Աշխարհը մշտապես փոփոխվում է: Գլոբալիզացիային զուգահեռ տեղի է ունենում հակառակ ուղղությամբ գործընթաց: Երկրները, անգամ նրանց առանձին տարածքները ձգտում են իրենց առանձնահատկություններն ընդգծել և անգամ ստեղծել այդպիսիք: Հայաստանը նույնպես փոփոխվել է վերջին երեք տասնամյակների ընթացքում: Սակայն այն, ինչին հանգել ենք, կարելի է բնորոշել որպես քաղաքական, իսկ ավելի ընդհանուր բնորոշմամբ` զարգացման վակուում: Ո՞րն է այն ճանապարհը, որով կարող ենք ձևավորել Հայաստանի հեռանկարային զարգացման ուղենիշը:

Մինչ բուն հարցին անցնելը, պետք է հատուկ նշել, որ ցանկացած գաղափարի (նրա ընկալման) տարածումը մեր երկրի և ամբողջ համաշխարհային ազգի շրջանում հետևողական գործընթաց է: Այն պահանջում է գիտակցում, որ մենք գործ չունենք պրոեկտի հետ, որը, սկզբից բացի, ունի նաև ավարտ: Երկրի զարգացմանն ուղղված քայլերը պետք է լինեն համակարգված, իրականացվեն շարունակական և հարատև կերպով և, շատ կարևոր է, որ կրթական և առաջմղման (այդ թվում` ագիտացիոն) աշխատանքի միջոցով ՀԱՍԿԱՆԱԼԻ և, որն ավելի կարևոր է, մարդկանց կողմից ԸՆԴՈՒՆԵԼԻ դարձվեն: Սեփական ու ուրիշների ՓՈՐՁԻՑ ՍՈՎՈՐԵԼԸ երկրի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ նախապայման է:

Հեռանկարային զարգացման հիմքը ներկայացվում է հակիրճ` 10 ծրագրային կետով` ըստ բերված տրամաբանական հերթականության:

1. Մենք` հայերս համաշխարհային ազգ ենք: Մինչ ներկայիս ճգնաժամային իրավիճակը և, առավել ևս, հիմա, մեր համաշխարհային ազգի համար առաջնային է պարզել, ընկալել և ընդունել մեր հիմնական քաղաքակրթական հարցերի պատասխանները. ի թիվս այլոց` տարածաշրջանում մեր լինելու-ապրելու, ինչպես նաև հայկական պետության գոյության հիմնավորումը:

2. Մենք պետք է հասկանանք և ընդունենք մեր քաղաքակրթության աշխարհագրական պատկանելիությունը: Վերջինիս հիմքում մեր պետության և ազգի կողմից ժառանգած, հայկականի անվանումը կրող ցամաքային զանգվածն է` Հայկական բարձրավանդակը: Այն, կարծես թե, միակն է աշխարհում որպես երկրի ու նրա հիմնական ազգության անվանմամբ ցամաքային զանգված (ի տարբերություն ծովայինի, օրինակ, Ճապոնական ծովի կամ Հնդկական օվկիանոսի): Հայկական բարձրավանդակն է մեր այս տարածքում ապրելու պատմական-աշխարհագրական հիմնավորումը, որն ապացուցելու կարիք չունի, սակայն ունի ճիշտ և հետևողական առաջմղման կարիք:

3. Անհրաժեշտ է երկրի հասարակության շրջանում իրականացնել «սուվերենություն» («ինքնիշխանություն») և «պետականություն» հասկացությունները ներկայացնելու կրթական աշխատանք: Հայկական պետության գերնպատակը ազգապահպանումն է` հայկական քաղաքակրթության պահպանման և զարգացման միջոցով: Մեր համաշխարհային ազգի պահպանման միակ գրավականը հայկական պետության ամրությունն է: Իսկ մեր պետության գոյության նախապայմանը` յուրաքանչյուր օր նախորդից ավելի ամրացող զինված ուժերը: Այլ ուղղությամբ ցանկացած դրսևորում ապակողմնորոշող է և հակապետական:

4. Հայաստանին անհրաժեշտ է ազգային (ազգային-պետական) ինքնության զարգացմանն ուղղած համալիր մոտեցում: Ազգային ինքնությունը անձը կրում է, այն ապրում է: Ազգային ինքնության առաջմղումը պետք է ուղղված լինի Հայաստանը մեր համաշխարհային ազգի կենտրոն դարձնելուն: Առաջին հերթին, սա նշանակում է Հայաստանը դանձնել մշակութային կենտրոն (որոշ չափով այն այդպիսին կա): Հաշվի առնելով, որ ներկայիս Հայաստանը (ՀՀ) աշխարհի հայերի զգալի մասի համար չի հանդիսանում պատմական հայրենիք, այնուամենայնիվ, այն բոլորի համար կարող է լինել մշակույթը ներկայացնողը: Հաջորդ փուլը Հայաստանը հայերի համար քաղաքական կենտրոն դարձնելն է, այդ թվում` հայերի համար Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելը գրավիչ դարձնելու և երկրի գործընթացներին նրանց մասնակցությունը խրախուսելու միջոցով: Եվ երրորդ` ամենաբարձր աստիճանը Հայաստանը հայերի համար տնտեսական կենտրոնի վերածելն է: Հայաստանում ներդրումներ անելու, Հայաստանում ապրելու և աշխատելու ձգտումը ստիպողաբար չի լինի իրականացնել: Իրատեսական չի կարող լինել նաև Հայաստանում ապրելը կամ այն հաճախ այցելելը զուտ զգայական շարժառիթներով խրախուսելը: Տնտեսական շահի դերը գերիշխող է (դրանից չես փախչի), և դրա ձևավորմանն է, որ պետք է ուղղվեն պետության ջանքերը, այն է` ստեղծելով գործարարության համար նպաստավոր պայմաններ` կայուն քաղաքական և տնտեսական միջավայր ապահովելով:

5. Հայաստանը հայերի համար կենտրոն դարձնելն այսպիսով ենթադրում է համազգային մոբիլիզացիա (բառի լայն իմաստով): Այդ մոբիլիզացիայի հիմքում գաղափարախոսությունն է:

6. Գաղափարախոսության հիմքում գաղափարն է` ազգային-պետական գաղափարը, որը կրելու համար նախապայման է կրթական համակարգի զարգացումը: Անհրաժեշտ է ձևավորել, ինչպես սոցիոլոգներն են առաջարկում, քաղաքացու «մոդալային տեսակը», այն է, թե ինչ տեսակի քաղաքացի է պետք երկրին: Այսօրվա ստեղծված իրավիճակն, այս առումով, ունի իր առավելությունը, քանի որ այդ մոդալային տեսակի ձևավորման սկիզբն ավելի արդյունավետ իրականացվում է հենց ճգնաժամերի ընթացքում, ինչն էլ հիմա առկա է մեզանում: Թիրախը երկրի բնակչության ընդամենը 7-8%-ն է, որն ամբողջ երկրում կազմում է մոտ 50 հազար ընտանիք: Հետևողական աշխատանքի շնորհիվ, մեկ տասնամյակի ընթացքում հնարավոր կլինի ներկայիս ֆինանսատնտեսական էլիտայից անցում կատարել ինտելեկտուալ էլիտայի, որն էլ իր ետևից առաջ կտանի ամբողջ հասարակությունը:

7. Զարգացումը պայմանավորող գլխավոր նախապայման հանդիսացող կրթության համակարգի վերափոխման կենտրոնում է կրթության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը: Ցածր գրագիտության աստիճան ունեցողը պետք է հետևի գրագետին և ոչ` հակառակը: Խոսքն այստեղ պարզապես կրթության վկայականների առկայության մասին չէ, այլ` պրոֆեսիոնալիզմի գերակշռման և դիլետանտիզմի մերժման:

8. Կրթության հանդեպ վերաբերմունքի կենտրոնում մանկավարժների դերի և նրանց հեղինակության բարձրացումն է: Մանկավարժն է, ով, ընտանիքին զուգահեռ, մեծապես իրականացնում է անձի զարգացումն ու որակական փոփոխությունը, ձևավորում է արժեքները:

9. Անհրաժեշտ է հստակեցնել, թե քաղաքացու այդ «մոդալային տեսակի» ձևավորման համար երկրին (արժեքային համակարգի և ինտելեկտուալ-կրթական մակարդակի առումով) ինչ տեսակի մանկավարժներ են անհրաժեշտ:

10. Ցանկալի տեսակի և պատրաստվածության մանկավարժների աճող բանակ (բավարար թվաքանակ) ունենալու համար վերը նշված նպատակների շրջանակում, որպես սկզբնակետ, անհրաժեշտ է սկսել մանկավարժների պատրաստման հեռանկարային ծրագրի մշակումից: Ծրագրի իրագործումը, անշուշտ, ենթադրում է պատշաճ ֆինանսավորում, որն աստիճանական գործընթաց է, այլ ոչ` ամբողջությամբ և միանգամից պահանջվող: Այստեղ հարկ է նշել, որ առանց նման ծրագրի, մանկավարժների հեղինակության բարձրացման մասին պարզապես խոսելով արդյունք ակնկալելն առնվազն ինքնախաբեություն է:

Հ.Գ. Կրթական համակարգի վերափոխման ուղղությամբ աշխատել պետք է այսօրվանից: Շատերը կասեն. « Այն, ինչ առաջարկում եք, երկար ժամանակ անց է արդյունք տալու, իսկ հիմա, հիմա ի՞նչ է պետք անել»: Պատասխանս պարզ է. 1990-ականներին էլ էին պնդում, թե կրթության բնագավառում փոփոխությունները «հետո» են արդյունք տալու և որ «հիմա» է անհրաժեշտ քայլեր կատարել: Եվ հիմա այդ «հետո»-ն է: Արդեն արդյունքներ տված կլինեին այն ժամանակ իրականացված քայլերը, այնպես ինչպես և այսօրվա քայլերը արդյունք կտան արդեն 10-15 տարի հետո: Պետք չէ սպասել: Գոնե հիմա էլ պետք չէ: Դրա իրավունքը չունենք:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Միջազգայնագետ,

«Չինական («Հան») ակադեմիա»

կրթահամալիրի միջազգային տնօրեն

ք. Հոնկոնգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728