1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպվեց Սումգայիթի հայազգի բնակչության կոտորած և տեղահանում։
Ասկերանի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրում տեղի է ունեցել Սումգայիթյան ջարդերը դատապարտող և զոհերի հիշատակը հավերժացնող միջոցառում, որը կազմակերպվել էր «Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ-ի կողմից։
«Այսօր մեր պատմության սև էջերից մեկն է՝ Սումգայիթյան ջարդերի օրը, որը դարձավ երկու ժողովուրդների հակասության սկիզբ։ Մեկ ակնթարթում մարդիկ, որ երկար տարիներ ապրում էին իրար կողք կողքի, դարձան թշնամիներ, բայց չէ՞ որ նրանք շփվում էին իրար հետ, ընկերություն էին անում, հյուր էին գնում միմյանց։ Եթե Սումգայիթում դեռ կային մարդիկ, ովքեր օգնության ձեռք էին մեկնում հայերին, ապա հետագա գործողությունները այլ կերպ ընթացան՝ ատելությամբ և թշնամությամբ լցված։
Կարդացեք նաև
Մարդկանց սպանում էին միայն այն պատճառով, որ նրանք հայ էին։ եվ այն ժամանակ էլ աշխարհը հետևում էր այդ ամենին և լռում, ինչպես այն հզոր երկիրը, որտեղ այդ ամենը կատարվում էր։ Չէ՞ որ եթե չլինեին Սումգայիթյան ջարդերը, մեր ժողովուրդների պատմությունը այլ կերպ կլիներ, որովհետև ատելությունը կարող է ծնել միայն ատելություն։ Ցավոք, դրան մենք ականատես եղանք 2020թ.-ի 44-օրյա պատերազմում, երբ ադրբեջանական նոր սերունդը, երբեք հայերի հետ չապրած, վերաբերվում էին մեզ հետ այնպիսի դաժանությամբ և վայրագությամբ` հաճույք ստանալով դրանից, որ ակամայից մտածում ես իրոք մարդ էակը ընդունակ է այդպիսի դաժանության։
Ճիշտ է, այսօր մենք ունենք այնքան զոհեր ու վիրավորներ, որ Սումգայիթի դեպքերը թվում են այդքան մոռացված և անցյալում, բայց մենք պետք է հիշենք, որ մոռանալով անցյալը՝ կրկնում ենք մեր պատմությունը։ Եթե այն ժամանակ ճիշտ գնահատական տրվեր իրադարձություններին, մեղավորները կպատժվեին, չէին լինի այսքան կորուստներ և կոտրված ճակատագրեր»,-ելույթի ժամանակ ասել է «Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ համահիմնադիր Սնեժանա Թամրազյանը։
Հավաքվածները ծաղիկներ խոնարհեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին, որից հետո Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ