«Այսօր նորից համոզվում եմ՝ թուրքական գործակալական շարասյունը ՀՀ-ում գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Անձամբ Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու պատերազմի եւ պարտության համար, քանի որ մերժեց մեր գործընկերների հետ հարաբերությունները, Մինսկի խմբի ֆորմատը, Ալիեւը ինքն ասաց, որ Փաշինյանն է նախաձեռնել, որպեսզի երկուսով պլանավորեն Արցախի հարցը լուծումը, նա լուծեց պատերազմով և տարավ դեպի պարտություն»,- այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, այն, ինչ տիրում է Հայաստանի Հանրապետությունում, միանշանակ դավադրության, ապիկար կառավարման արդյունք է, ինչի մասին խոսում են նաեւ աշխարհի առաջատար ուժերը, նույնիսկ՝ թշնամիները:
Նրա խոսքով, այսօր միակ լեգիտիմ կառույցը բանակն է. «Կառավարությունը ընդհանուր առմամբ ձախողել է սոցիալ-տնտեսական գործընթացը, կառավարությունը Նիկոլի գլխավորությամբ չի կատարել ՀՀ-ի սահմանների անձեռմխելիության, սահմանազատման խնդիրները, թուրքը, ադրբեջանցին հենց այնպես եկել, կանգնել է իր համար հարմար դիրքերում»:
Կարդացեք նաև
ՊՆ նախկին նախարարը կոչ արեց գալ հանրահավաքի՝ բանակի թիկունքն ամուր պահելու համար: Ասաց, որ բանակը ճիշտ է անում, որ չի ենթարկվում այս «ապիկար իշխանություններին»:
«Այսօր հայկական բանակը իր քայլը կատարեց, հայկական բանակը ժողովրդի կողքին է: Խոսքս վերաբերում է ԱԱԾ-ին, ոստիկանության բոլոր սպաներին, կոչ եմ անում կանգնել ժողովրդի կողքը: Պարոնայք գեներալներ, սպաներ, մարտական ընկերներ, կամավորականներ, կանգնեք ժողովրդի կողքին, ժողովուրդն էլ կկանգնի բանակի կողքին եւ միասին կհասնենք հաջողությունների»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ