«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթի ժամանակ ասաց. «Նիկոլն այլեւս ոչ մի հենարան չունի Հայաստանում: Նիկոլը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական հենարան չունի Հայաստանում»:
Տիկին Զոհրաբյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, կոչ արեց հեռացնել Նիկոլ Փաշինյանին:
Նա ասաց, որ «Իմ քայլի» պատգամավորները, որոնց մեջ կան ազնիվ մարդիկ, այսօր քաղաքական պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքին. «Նիկոլ Փաշինյանը ձեզ շատ ավելի նվազ է դասում, քան իր ուսապարկը: Թոթափեք այդ կեղծ բարեպաշտությունը, թոթափեք նիկոլիզմը ձեր ուսերից, քանի որ նիկոլիզմը ամենաեղկելի, ամենավտանգավոր, ազգակործան աղանդն էր, որը կործանեց Արցախը»:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի անունը Հայոց պատմության մեջ ամրագրվել է որպես «դավաճան, որպես հողատու, որը հանձնեց Արցախի 75 տոկոսը»:
Կարդացեք նաև
Ըստ Նաիրա Զոհրաբյանի․ «Նիկոլը մեզնից վերցրել է մեր արժանապատվությունը: Նիկոլ, այո՛, դու միակ մեղավորն ես, քանի որ քանիցս հնարավորություն ունեիր կասեցնելու ողբերգական, պետականակործան պատերազմը: Նիկոլ, քո ձեռքն արյունոտ է, որովհետեւ եթե հոկտեմբերի 19-ին դու կանգնեցնեիր պատերազմը, ինչի առաջարկը արվել է ՌԴ նախագահի կողմից, Շուշին կմնար մեր տիրապետության տակ, դու չարեցիր: Աբսուրդ է, չկա համաշխարհային պատմության մեջ այդպիսի ղեկավար, երբ քեզ պարտության մատնած երկրի ղեկավարը միջամտի քո երկրի գործերին: Սա պետական հեղաշրջում չէ, սա մտքի, բանականության, սա հայրենասիրության հեղափոխություն է, եւ այս հեղափոխությունը անպայմանորեն հաղթելու է Նիկոլի ատելությանը, թշնամանքին, հային հայի դեմ հանելու փորձերին»:
Տիկին Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ապա կփակվի Հայաստանի պետականության էջը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ