«Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանն առարկությունով հետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում ստացվում է Ալիեւի ասածը, որ Հայաստանը մահացած է, էլ ոտքի չի կանգնի: Ես համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ: Բայց, եթե այդպիսի բան չլինի, բանակը պիտի չենթարկվի Նիկոլ Փաշինյանի այն հրամանագրին, ըստ որի ազատվում է Օնիկ Գասպարյանը»,-Բաղրամյան պողոտայում կազմակերպած ընդդիմության հանրահավաքին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով, ընդվզումը նշանակում է չենթարկվել անօրինական հրամաններին:
Ըստ Վազգեն Մանուկյանի, ռազմական հեղաշրջման մասին չի կարող խոսք լինել. «Ռազմական հեղաշրջումն այն ժամանակ է, երբ որ բանակը մտնում է քաղաք, վերցնում է իշխանությունը իրեն կամ տալիս է մեկ ուրիշի: Բանակը որեւէ գործողություն չի արել, միայն հայտարարել է իր կարծիքը, որ Հայաստանին վտանգ սպառնողը Նիկոլ Փաշինյանն է եւ ինքը սատար կկանգնի ժողովրդին, եթե նրա դեմ բիրտ ուժ կիրառի»:
Կարդացեք նաև
Վազգեն Մանուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հենարան չունի: Նա կոչ արեց, որպեսզի ոստիկանությունն ու ԱԱԾ-ն միանան բանակին. «Կպահանջեն հրաժարական, չեն պահանջի՝ նրանց գործն է, բայց սատար կանգնեն բանակին: Ես համոզված եմ, որ նրանք հենց այսօր կմիանան բանակին»:
Պարոն Մանուկյանն ասաց, որ Հայաստանում նման ուժ գոյություն չունի, որը կհետապնդի զինվորականներին: Նա համոզմունք հայտնեց, որ երկու-երեք օրվա մեջ հանգուցալուծումը կլինի եւ «Իմ քայլի» պատգամավորները կամավոր կգան եւ այդ բոլոր հարցերը կլուծվեն: Նրա խոսքով, այս երկու օրը Նիկոլ Փաշինյանը կկորցնի նաեւ ոստիկանության եւ ԱԱԾ-ի հենարանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ